Հասարակություն 

Ռուսախոս կանանց են ներգրավում. Արտաշատցիները սպառնում են փակել մայրուղին

Հարկային մարմինը կոչված է հարկերը հավաքելու համար, սակայն փոքր հարկ վճարողների վարչության պետի տեղակալ Ռաշիդ Մախմուդյանն (ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի եղբայրը) այն դարձրել է պատժիչ ջոկատ և ՀԴՄ-ներով պատժում է բոլորին՝ խաբեությամբ վախեցնելով մարդկանց, ստիպելով ՀԴՄ տուգանք մուծել: Այս մասին Factor tv-ի հետ զրույցի ժամանակ հայտարարել է Արտաշատում բողոքի ակցիա իրականացնող առևտրականներից մեկը:

Քաղաքացու խոսքերով, հարկային մարմինների տրամադրվածությունից է կախված, թե ում վրա տուգանք կգրվի, ում վրա՝ ոչ. «Շրջանառության հարկով աշխատող խանութների 99 տոկոսը չեն կարողանում աշխատել, որովհետև այնպիսի շեմեր են դրել, որ չենք կարողանում ՀԴՄ-ները 100 տոկոսով խփել: Հարկային օրենքը պետք է վերափոխել: Վարչապետն էլ խոսք էր տվել, որ մանր և միջին բիզնեսին չպետք է կպնեն: Սակայն, փաստորեն, ստացվում է, որ հենց այդ բիզնեսի հաշվին բյուջե են լցնում կամ իրենց կարիերան կառուցում: Եթե շփվեք հարկային աշխատակիցների հետ, կտեսնեք, որ նրանց մեծ մասն անգրագետ են: Պետք է անձնակազմը վերանայել: Մարդիկ վզները հաստացրել են ու նստել, խոսում ու զգում ես, որ անկապ բաներ է խոսում: Ինչ ասում ես, ասում են օրենք, օրենքով էլ չի լինում աշխատել, այդ օրենքը պետք է փոխել: Ես ուզում եմ նախազգուշացնել, սա նախազգուշական ակցիա է, եթե փոփոխություններ չեղան, փակելու ենք Արտաշատի կենտրոնական փողոցը, հետո նաև մայրուղին»:

Բողոքի ակցիայի մասնակիցը պահանջում է, որ չտուգանեն ՀԴՄ-ի պատճառով, թողնեն, որ մարդիկ աշխատեն մինչև օրենքը կփոխվի. «Մենք հավաքվել ենք մեր քայլն ենք անում, թող փոփոխություններ անեն: Սա նախազգուշական ակցիա է»:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց, որ հարկային մարմիններն իրենց ստուգումների համար ներգրավում են ռուսախոս կանանց, որպեսզի խանութների աշխատակիցները չհասկանան, որ ստուգում է իրականացվում:

Քաղաքացիները պահանջում են նաև Ռաշիդ Մախմուդյանի հրաժարականը:

Նույն շարքից