Բարի օր Տնտեսություն 

ՊԵԿ նախագահի արագ արձագանքը և ակցիայի մասնակիցների ծափերը

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ այսօր վաղ առավոտից Արտաշատում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են սկսել՝ պահանջելով փոքր հարկ վճարողների վարչության պետի տեղակալ Ռաշիդ Մախմուդյանի հրաժարականը, ով, իրենց խոսքերով, հարկային տեռորի է ենթարկում առևտրականների:

Ակցիա իրականացնող առևտրականները բողոքում են, որ հարկային աշխատակիցները շփոթեցնում են իրենց, միտումնավոր անում են այնպես, որ իրենք ՀԴՄ-ներ չխփեն, ինչի արդյունքում իրենք տուգանվում են: Բացի դրանից, նրանք նշում են, որ չեն կարողանում 100 տոկոս ՀԴՄ խփել, քանի որ չեն կարողանում այդպես աշխատել՝ պահանջելով հարկային փոփոխություններ կատարել:

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպամ է եկել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: ՊԵԿ նախագահը, լսելով քաղաքացիների բողոքը, հայտարարեց, որ այսօր այս պահին որոշում չի կայացվելու, որ ինքը չի կարող ուղղակի վերցնել և աշխատանքից հեռացնել Մախմուդյանին, քանի որ այդ որոշումը խոցելի կլինի և վերջինս կկարողանա դատարանի օգնությամբ վերականգնել իր պաշտոնը:

Սխալներից խուսափելու համար Անանյանն առաջարկեց պայմանավորվել՝ ակցիայի մասնակիցների հայտարարությունների հիման վրա ծառայողական քննություն սկսել տեսչության աշխատանքի նկատմամբ, ինչի արդյունքում որոշումներ կկայացնեն. «Մինչ այդ օրենսդրության շրջանակներում մենք վարչարարությունը մի քիչ կմեղմացնենք: Ես խնդրում եմ, որ դուք գնաք, ՀԴՄ-ները խփեք ու աշխատեք: Եթե դուք դա անեք, հարկային աշխատակիցներն էլ մեղմ վարչարարություն իրականացնեն, հավատը կվերականգնվի»:

ՊԵԿ նախագահը և վերջինիս տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը քաղաքացիներին հայտնեցին իրենց հեռախոսահամարները՝ հայտարարելով, որ ցանկացած խնդրի դեպքում կարող են զանգահարել և հայտնել այդ մասին:

Անանյանը նաև հայտնեց, որ իրենք հարկային օրենսդրության փոփոխություններ են նախապատրաստում, իսկ մինչ այդ պետք է աշխատել գործող օրենքներով:

Արդյունքում կողմերը պայմանավորվեցին, ինչից հետո հավաքված քաղաքացիները ծափերով ճանապարհեցին ՊԵԿ նախագահին։

Նույն շարքից