Հասարակություն 

Չեմ կարող ասել, որ սա Փաշինյանի պատվերն է. Շարմազանովը՝ Քոչայանի գործի մասին

Հանրապետականը կսպասի Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասով Վերաքննիչ դատարանի որոշմանը, որից հետո կհայտնի իր կարծիքը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով Քոչարյանի խափանման  միջոցը փոխելու համար իրականացված ստորագրահավաքին միանալու մասին՝ Շարմազանովն ասաց՝ եթե ստորագրել են, նշանակում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքն իրավաչափ չէ. «Պարոն երկրորդ նախագահն ամբողջական իրավունք ունի խափանման միջոցը փոխելուց հետո դուրս գալու: Մարտի 1-ի և մնացածի մասին չեմ ուզում խոսել: Այսօր մենք խոսում ենք բացառապես այն մասին, որ երկրորդ նախագահի կալանքի հիմնավորումն առնվազն տարակուսելի է, նրան կալանավորելու հիմքեր չկան»:

Շարմազանովը նորմալ է վերաբերվում նրան, որ ստորագրահավաքին 45 պատգամավոր միացել է, որովհետև չտեսնված բան է նախկին նախագահներին որպես վկա հրավիրելը, կես ժամվա մեջ մեղադրանք առաջադրելը և կալանավորելը: Նրա խոսքերով լավ է, որ մենք դեռ ապրում ենք ժողովրդավար երկրում և կան իշխանության կարծիքի հետ չհամընկնող կարծիքներ:

ԱԺ փոխոսնակը նշեց, թե չի կարող ասել, որ սա Փաշինյանի պատվերն է. «Միգուցե իրավապահ մարմինները շտապում են, միգուցե իրավապահների մի մասը փորձում են դուր գալ նոր իշխանություններին: Չեմ կարող ասել: Բայց նախկին իշխանությունների նկատմամբ ակնհայտ քաղաքական, անձնական միտում կա: Մեկը կարող է ասել, որ սա վենդետա է, մեկը կարող է ասել՝ վրեժխնդրություն: Դա որակումների հարց է»:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը Քոչարյանի կալանքի մասով որոշումը հրապարակելու է այսօր ժամը 16:00-ին:

Նույն շարքից