Հասարակություն 

ՀՀ ԱԺ-ում տեղի է ունեցել «Անկախ Հայաստանի առաջին խորհրդարանները» տեղեկագրի շնորհանդեսը

Oգոստոսի 13-ին ՀՀ ԱԺ այգում տեղի է ունեցել «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ»-ի և ՀՀ Ազգային ժողովի կողմից պատրաստված «Անկախ Հայաստանի առաջին խորհրդարանները» տեղեկագրի շնորհանդեսը, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Էդուարդ Շարմազանովը, Միքայել Մելքումյանը, ՀՀ ԳԽ և ՀՀ ԱԺ գումարումների պատգամավորներ։

«Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ»-ի նախագահ Ռուբեն Թորոսյանը, շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովի ղեկավարությանն ու խորհրդարանի աշխատակազմին նախաձեռնությանն աջակցելու համար, նշել է, որ տեղեկագրում անդրադարձ է կատարվել Հայաստանի առաջին խորհրդարանի և երրորդ հանրապետության Գերագույն խորհրդի պատմությանը: Ըստ բանախոսի՝ եղեռնից մազապուրծ հայ ժողովրդին, առաջին հանրապետության ղեկավարությանը 100 տարի առաջ հաջողվել է ստեղծել Հայոց առաջին խորհրդարանը՝ Հայաստանի Ազգային խորհուրդը, որը թեև կարճ կյանք է ունեցել, սակայն նպաստել է պառլամենտարիզմի և ժողովրդավարության զարգացմանը մեր երկրում։ Ռուբեն Թորոսյանը նշել է, որ համագործակցությունը խորհրդարանի հետ կլինի շարունակական։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նույնպես կարևորել է Հայոց Ազգային խորհրդի դերն ու նշանակությունը, և նշել, որ համազգային բոլոր հարցերում, անկախ կուսակցական պատկանելությունից, պետք է լինել միասնական։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի խոսքով ձեռք բերված խորհրդարանական ավանդույթները, սերունդների համակեցության հիմքերը պետք է փոխանցել նոր սերնդի ներկայացուցիչներին։

Օրվա բանախոսները Հայաստանում պառլամենտարիզմի ներդրման գործում կարևորել են ՀՀ Գերագույն խորհրդի դերը։ Նշվել է, որ Գերագույն խորհուրդը իր գործունեության ընթացքում ընդունել է հազարից ավելի օրենքներ, մշակվել, ապա համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվել է մեր երկրի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը։

 

Նույն շարքից