Հայաստան Քաղաքականություն 

Գառնիկ Իսագուլյանը գիտի, թե ինչու են ՀՀ իշխանությունները վախենում Քոչարյանի խոսելուց

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տապալված ասուլիսին, հայտարարեց, որ ԶԼՄ-ներն իրավունք ունեն լրատվություն տալու, իսկ ինքը՝ լրատվություն ստանալու, սակայն ինչ-որ Դավիթ Պետրոսյան և մի խումբ երիտասարդներ հայտարարում են, թե ժողովուրդը չի ցանկանում լսել Քոչարյանին, դրա համար գնացին խանգարեցին:

«Դավիթ Պետրոսյանն ով է, որ իմ կամ լրատվամիջոցների անունից հանդես գա: Ես դիմում եմ պարոն Փաշինյանին, որպեսզի նա հստակ ձևակերպի, թե ինքն ում վարչապետն է: Նա ՀՀ-ի վարչապե՞տն է, ով ներկայացնում է բոլոր քաղաքացիների շահերը, թե ինքը հեղափոխականների վարչապետն է, ովքեր որոշում են, թե ով Հայաստանում իրավունք ունի խոսելու, ով ունի լրատվություն ստանալու, ով՝ չունի, ու այն, թե ում են տեռորի ենթարկում»,-ասաց Իսագուլյանը:

Իսագուլյանի խոսքերով, ինքը հստակ հասկանում է, որ ՀՀ իշխանությունները վախենում են Քոչարյանի խոսքից, քանի որ Քոչարյանը կարող է ասել բաներ, որոնք կարող են 180 աստիճանով փոխել իրավիճակը. «Մենք պարտավոր ենք բոլորին խոսելու հնարավորություն տալ, նույնիսկ եթե Քոչարյանն այս պետության ամենավերջին հանցագործն է»:

«Այսօր մենք տեսանք, թե ովքեր են այնտեղ հավաքված: Նրանք մարդիկ էին, ովքեր խոսում էին հողերը հանձնելու մասին: Լևոնի վկաներն էին: Ես երբեք այս ձևակերպումը չեմ արել, բայց մարդիկ այդպես են ներկայանում»,-հայտարարեց Իսագուլյանը:

Իսագուլյանը խոսեց նաև ՀՔԾ-ի հայտարարության մասին՝ հարց բարձրացնելով, թե ով է իրավունք տվել ՀՔԾ պետին ՀՀ դատարանի որոշումն ապօրինի անվանել. «Դա կարող է անել միայն վերադաս դատարանը: Փաշինյանը պարտավոր էր նրան զրկել պաշտոնից, քանի որ նա կատարել է հակասահմանադրական արարք: Պետական ինստիտուտ ներկայացնող մարդն իրավունք չուներ նման հայտարարություններ անել: Որտե՞ղ ենք հայտնվել, ի՞նչ է կատարվում»:

Նույն շարքից