Բարի օր Քաղաքականություն 

Կարո՞ղ է ժողովրդավար Հայաստանը լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ

analitik.am

Ժողովրդավար Հայաստանը տեսականորեն կարող է լավ հարաբերություններ պահպանել մեր օրերի Ռուսաստանի հետ, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Center for National Interest` Ազգային Շահի Կենտրոնի ղեկավար Փոլ Սանջերսը.

«Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ ժողովրդավար երկրներ, որոնց հետ Ռուսաստանը վարում է շատ լավ համագործակցություն: Առաջին հերթին դա Իսրայելն է, սակայն նաեւ՝ Հնդկաստանն ու Բրազիլիան: Չեմ կարծում, թե Ռուսաստանի կառավարության համար անընդունելի են ժողովրդավարական պետությունները»:

Փորձագետի խոսքով, ամեն ինչ կախված է իրավիճակից. Եթե Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը որոշի, որ Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ ունենալը բխում է Հայաստանի պետական շահերից, ապա լուրջ խոչընդոտներ չպետք է լինեն:

«Կարծում եմ, Ռուսաստանի առաջնահերթությունն անմիջական հարեւանների շրջանում բարեկամաբար տրամադրված հարեւաններ ունենալն է, եւ անշուշտ նրանք սեփական պատկերացումներն ունեն բարեկամության եւ դրան հասնելու մասին, սակայն, տեսականորեն իմ կարծիքով ժողովրդավար Հայաստանն ունի հնարավորություն բարեկամական հարաբերություններ պահպանելու Ռուսաստանի հետ»:

Իրավիճակին փոքր-ինչ այլ տեսանկյունից է նայում Ուկրաինայի բանակցությունների հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Քուրթ Ուոքերը, ով հիշեցնում է, որ նշված երեք ժողովրդավար պետությունները՝ Իսրայելը, Հնդկաստանն ու Բրազիլիան, բավականին քիչ են կախված Ռուսաստանից, մինչդեռ, այն երկրների նկատմամբ, որոնց վրա Մոսկվան ազդեցություն ունի, Կրեմլի վերաբերմունքն այլ է.

«Կարծում եմ Ռուսաստանն ունի հիմնարար հակասություն ժողովրդավարության հետ՝ թե սեփական երկրում եւ թե հարեւանների մոտ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը չի կարող վերահսկել, թե ինչ են ցանկանում մարդիկ հարեւան երկրներում»:

Ուոքերի խոսքով, ժողովրդավար երկրների քաղաքացիներին Ռուսաստանը չի կարող թելադրել սեփական կամքը:

Նույն շարքից