Հասարակություն 

Իրանը պատրաստ է ՀՀ քաղաքացիներին Իրանի բուհերում դոկտորական տեղեր տրամադրել

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ողջունելով հյուրին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները դրսևորվում են նաևկրթության և գիտության ոլորտներում և առկա համագործակցության մակարդակը բավարար հիմք է տալիս հետագա համատեղ ծրագրերի տեսլականը քննարկելու համար:

«Անշուշտ, մենք հավատարիմ ենք մեր պետությունների միջև նախկինում կնքված հուշագրերի շրջանակում նախատեսված պարտավորություններին ու պատրաստակամ՝ քննարկելու նոր համատեղ ծրագրեր, որոնք հայ-իրանական հարաբերությունները կրթության և գիտության ոլորտում նոր որակական աստիճանի կբարձրացնեն»,-նշել է ԿԳ նախարարը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ողջունելով նախարար Հարությունյանին` իր խոսքում վերահաստատել է  իրանական կողմի պատրաստակամությունը՝ զարգացնելու առկա կրթագիտական  համագործակցությունը: Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը պայմանավորված է նաև գիտակրթական և միջհամալսարանական հարաբերությունների զարգացմամբ:

Նա հաստատել է, որ Իրանի կառավարությունը պատրաստակամ է Հայաստանի քաղաքացիներին Իրանի բուհերում դոկտորական տեղերի տրամադրման հարցում: Դեսպանը ՀՀ կրթության և գիտության նախարարին է փոխանցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական այցի հրավերը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջբուհական հարաբերությունների ամրապնդման, ուսանողների և դասախոսների փոխանակման, Հայաստանում պարսկերեն լեզվի դասընթացների կազմակերպման, նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության, ինչպես նաև աշխատանքային այլ հարցերի:

 

Նույն շարքից