Վերլուծական Քաղաքականություն 

Ռուսաստանը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Փաշինյանի համար. Ամանդա Փոլ.  «Հրապարակ»

analitik.am

Ռուսաստանը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Փաշինյանի համար, և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս առումով Ռուսաստանի հնարավոր լծակներից է: Այս մասին հայտարարել է  Բրյուսելի Եվրոպական քաղաքականության կենտրոնի քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը:

-Եկեք խոսենք Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության մասին: Նա ի սկզբանե վերահաստատեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները՝ ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, անդամակցումը ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին, առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Նա ընդգծեց, որ ԵՄ-ի հետ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը եւ կիրարկումը բխում են մեր շահերից: Ապա նախկին նախագահ Քոչարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի նկատմամբ սկսված քրեական հետապնդումից հետո հայ-ռուսական հարաբերություններում որոշ ճգնաժամ առաջացավ, եւ դրան արձագանքեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով: Ինչպե՞ս կարող ենք գնահատել Փաշինյանի արտաքին քաղաքականության այս ուղղությունը:

-Ռուսները շատ կասկածամիտ են Փաշինյանի հանդեպ: Նախկինում նրանք երբեւէ գործ չեն ունեցել նրան գոնե փոքրիշատե նման գործչի հետ: Փաշինյանի թիմի շատ անդամներ եւս դժգոհություն են առաջացնում Մոսկվայում, քանի որ նրանք կրթություն են ստացել Արեւմուտքում կամ նախկինում աշխատել են ոչ կառավարական կազմակերպություններում: Փաշինյանը մի քանի անգամ կրկնել է, թե որքան կարեւոր է Ռուսաստանը Հայաստանի համար: Սակայն դա հետ չպահեց նրան կոռումպացված չինովնիկներին եւ Մոսկվայի հետ կապված այլ գործիչների հետապնդելուց: Քոչարյանի եւ Կրեմլի այլ մերձավորների կալանավորումն ահազանգ էր Ռուսաստանի համար: Դա ակնհայտ էր արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններից: Ռուսաստանին հավատարիմ գործիչների նկատմամբ շարունակվող հետաքննությունները կարող են հետագայում էլ ավելի սրել Կրեմլի հետ լարվածությունը: Մինչ օրս սա մի ռիսկ էր, որին Փաշինյանը, ըստ երեւույթին, պատրաստ էր առերեսվել: Բայց ակնհայտ է, որ խաղադրույքները շատ բարձր են այն պատճառով, որ Հայաստանը խորապես կախված է Ռուսաստանից տնտեսական եւ անվտանգության ոլորտներում: Ռուսաստանը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Փաշինյանի համար, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս առումով Ռուսաստանի հնարավոր լծակներից է ու ամենեւին վերջին տեղերում չէ: Ու թեեւ Ռուսաստանը հավանաբար կուզենար, որ Փաշինյանն ու իր հեղափոխությունը ձախողվեն, այդուհանդերձ, Մոսկվան չէր ուզենա, որ իրեն մեղադրեին դրա համար՝ մասնավորապես հաշվի առնելով իր փորձն Ուկրաինայում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթում

Նույն շարքից