Հասարակություն 

Բարեկարգվում են Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք ճանապարհներ

analitik.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ շրջայց են կատարել Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում` ուսումնասիրելու ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, ինչպես նաև ընթացիկ ամառային պահպանության աշխատանքների ընթացքը։

ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենը տեղում ծանոթացել է Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի 1 կմ ընդհանուր երկարությամբ փողոցների ասֆալտապատման, Եղեգնաձոր-Ագարակաձոր ավտոճանապարհին առկա կամրջի, Ագարակաձոր և Գնիշիկ համայնքներն իրար կապող կամրջի վերականգնման, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի 279,8 - 282,8 կմ և 292 - 294 կմ հատվածների հիմնանորոգման, ճանապարհի 352-րդ կմ-ում վթարային կամրջի շրջանցիկ ճանապարհի կառուցման և Վաղարշապատ-Մասիս 2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներին։

Ուսումնասիրվել է նաև Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին իրականացվող միջին նորոգման, ինչպես նաև Հայաստան - Իրան սահմանի Արաքս գետի կամրջի ընթացիկ պահպանման աշխատանքները։

Առանձնակի ուշադրություն է դարձվել սողանքային, փլուզված և քարաթափման վտանգ պարունակող հատվածներին։ Քննարկվել են այդ հատվածներում հնարավոր ինժեներական լուծումների, ինչպես նաև անվտանգության բարձրացման հնարավորությունները։

Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունների ղեկավարների հետ։ Տրվել են համապատասխան հանձնարարականներ։

 

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

 

Նույն շարքից