Գլխավոր Հասարակություն 

Քոչարյանի փաստաբանը բացահայտել է դատարանում նախագահի ելույթի մի մասը

analitik.am

ՀՔԾ-ն մեղադրանքից վերցնում է մի առանձին հատված, որը կարող է Քոչարյանի նկատմամբ բացասական զգացմունքներ արդարացնել և հրապարակում է այն, իսկ մնացածը չեն հրապարակում՝ հայտարարելով, թե պետական գաղտնիք է: Այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

«Հիմա ես կընտրեմ պարոն Քոչարյանի ելույթից մի հատված, որտեղ իմ գնահատմամբ պետական գաղտնիք և նախաքննական գաղտնիք չէ: Փորձեմ փոխանցել իմաստը: Նա ասաց, որ մենք ունեցել ենք փորձ, որը մեր սեփականը չէ, խոսքը մեր թշնամու փորձի մասին է: Ադրբեջանում 90-ականներին մի ապստամբ կար՝ Սուրան Հուսեյնով անունով, ով հեղինակություն է ունեցել ԶՈւ-ում և օգտվելով դրանից զորքի մի հատվածը պտտել է այդ պահին իշխող վարչակազմի դեմ՝ Գյանջայից զորքն ուղղեց դեպի Բաքու: Քոչարյանն ասաց, որ այդ ժամանակ Ադրբեջանը հարյուրավոր զոհեր է ունեցել այդ մի խռովարար զինվորականի գործողությունների արդյունքում: Իշխանություններին հաջողվեց ճնշել նրան, սակայն այդ ընթացքում կորցրեց 3 տարածք: Պարոն Քոչարյանն ասաց, որ մենք այս իրավիճակն աչքի առաջ ունենալով չէինք կարող թույլ տալ, որ ՀՀ ԶՈւ-ում հայտնվեն ըմբոստ գեներալներ: 0038 հրամանից կարող եմ հղում անել միայն այն մասին, որը ՀՔԾ-ն հրապարակել է: Ասված էր, որ պետք էր անցնել զորանոցային իրավիճակի և ամեն ստորաբաժանումներից առանձնացնել առավել կայուն զինվորականների և զինել տաբելային զենքով: 0038 հրամանը չի վերաբերում զորքի կիրառմանը: Քոչարյանը հրաման է տվել անել այնպես, որ ԶՈւ-ն չխառնվի քաղաքական գործընթացին»:

Ալումյանը հիշեցրեց, որ այդ օրերին ՊՆ երկու փոխնախարար պատրաստ են եղել աջակցել ընդդիմադիրներին և որ որոշ ստորաբաժանումներ պատրաստ են անցնել ընդդիմադիրների կողմը. «Երկրի նախագահը պատասխանատու էր յուրաքանչյուր քաղաքացու համար, ամբողջ ազգի համար, որպեսզի իրադարձությունները չզարգանան ադրբեջանական սցենարով»։

Նույն շարքից