Հասարակություն Մշակույթ 

Աշակերտներն անվճար կայցելեն մշակութային հաստատություններ

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակույթի նախարարության հետ համատեղ նոր ուսումնական տարվանից սկսում է նոր կրթամշակութային ծրագիր: Ներդրվում է մշակութային հաստատություններ այցելության աբոնեմենտային համակարգ. ՀՀ բոլոր դպրոցների 1-12-րդ դասարանների յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն կունենա ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար այցելել երեք մշակութային հաստատություն` թանգարան, համերգասրահ, թատրոն:

Այս մասին Ս.Փարաջանովի թանգարանում հրավիրված համատեղ ասուլիսում հայտարարել են նախարարներ Արայիկ Հարությունյանն ու Լիլիթ Մակունցը:

ԿԳ նախարարի տեղեկացմամբ` նախագծի իրագործման համար պետական միջոցներից 400 մլն դրամ է նախատեսվել. «Ծրագրի մասին մտածել ենք այն ժամանակ, երբ դեռ ընդդիմություն էինք: Շատ կարևոր է, որ երեխաները հաղորդակից լինեն մշակույթին, ուստի պետությունը նման հնարավորություն է ստեղծում Հայաստանի շուրջ  350 հազար աշակերտի համար: Յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում  մեկ անգամ  կկարողանա անվճար այցելել երեք մշակութային հաստատություն: Նախնական պայմանավորվածություն ունենք նաև dasaran.am կայքի հետ, որտեղ մշակութային հաստատությունների միջոցառումների ամբողջ ցանկը ներկայացված կլինի և կայքի միջոցով աշակերտները կկարողանան տվյալ ներկայացման կամ համերգի համար ամրագրել իրենց տեղը: Օրինակ, դպրոցում որևէ գրական  ստեղծագործություն անցնելու ժամանակ  գուցե թատրոնների խաղացանկում կգտնվի  համապատասխան ներկայացումը և աշակերտները զուգահեռ կկարողանան դիտել նաև այդ գործի բեմականացումը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Նախարարի խոսքով` ծրագիրն իրականացվելու է պիլոտային սկզբունքով. որպեսզի հասկանալի լինի, թե մեկ տարվա ընթացքում ինչ խնդիրներ  են առաջանում՝ հետագայում դրանք շտկելու և ծրագիրն ընդլայնելու ակնկալիքով: Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերից սկսած՝ բոլոր դպրոցականները կարող են այցելել մշակութային հաստատություններ: Նա ներկայացրել է նաև աբոնեմենտի նմուշը և հավելել, որ ծրագիրը քննարկվել և համաձայնեցվել է նաև տարածքային կառույցների հետ` մարզպետարանները կաջակցեն իրականացնել երեխաների տեղափոխումը մշակութային հաստատություններ:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասուլիսի ընթացքում ներկայացրել է «Քո արվեստը դպրոցում» խորագրով դրամաշնորհային  նոր ծրագիրը, որը ներառում է երեք ոլորտ` դասական երաժշտություն, կերպարվեստ և գրականություն: Դրամաշնորհային ծրագրով հայտարարվում է մրցույթ, որի շրջանակում նշված ոլորտների ներկայացուցիչները պետք է նախագիծ ներկայացնեն` մի քանի բաղադրիչներով: Մշակույթի նախարարի տեղեկացմամբ` կընտրվեն 50 արվեստագետներ, որոնցից յուրաքանչյուրի ծրագրին կտրվի 1 մլն դրամ: Վիճակահանության տարբերակով ՀՀ տարբեր մարզերից կընտրվեն դպրոցներ, որտեղ  դրամաշնորհ ստացած արվեստագետները կներկայացնեն իրենց ծրագրերը:

Բանախոսները նշել են, որ աբոնոմենտային  նման համակարգ գործել է նաև նախկինում` խորհրդային տարիներին: Նպատակը` կրթության և մշակույթի ոլորտների զուգակցումն է, հոգևոր արժեքներով քաղաքացու, գրագետ հանդիստասի ձևավորումն ու դաստիրակությունը:

Նույն շարքից