Գլխավոր Հասարակություն 

Իսկ ո՞ւր են Սաշիկի 50 տոկոսները. Ռոբերտ Քոչարյան

analitik.am

Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող փոխարինել տնտեսական քաղաքականությանը: Երկիր Մեդիայի եթերում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ չի տեսնում ՀՀ նոր իշխանությունների տնտեսական քաղաքականությունը՝ սակայն միևնույն ժամանակ ողջունելով պայքարը, որը սկսվել է կոռուպցիայի դեմ. «Բոլորը բողոքում են, որ գները կրկնակի աճել են: Այսօր արդեն մարդիկ սկսել են ավելի վատ ապրել»:

Դիտարկմանը, թե ժողովրդի համար ավելի կարևոր է սրան-նրան բռնելը, Քոչարյանը պատասխանել է․ «Շատ լավ, ուրեմն թող այդ մթնոլորտում ապրեն: Երբ սառնարանում վիճակը շատ ավելի վատանա, կլսենք այդ նույն ժողովրդին»:

Երկրորդ նախագահը հույս է հայտնել, որ այնուամենայնիվ ծնվելու է տնտեսական քաղաքականություն, առանց որի լուրջ ներդրումներ Հայաստանում չեն լինելու. «Որևէ լուրջ ներդրող ներդրումներ չի անելու մինչև չհասկանա, թե ինչպիսի տնտեսական քաղաքականություն են վարելու իշխանությունները, ինչպես են վերաբերվելու բիզնեսին, սպեցնազո՞վ են ստուգելու, թե ցիվիլ տարբերակով: Այսպիսի բան չի եղել իմ պաշտոնավարման ժամանակ և վերջին 10 տարում: Հիմա գործարարը կարող է մտածել, որ հաջորդն ինքը կարող է լինել»:

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե Սաշիկը (Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը) բոլոր բիզնեսներում 50 տոկոս ունի, Քոչարյանը հարցրել է՝ քանի՞ նման գործ է բացահայտվել. «Անցել է արդեն 3 ամիս, կանցնի ևս 3-ը, ի վերջո հարցնելու են՝ ուր են Սաշիկի 50 տոկոսները»:

Նույն շարքից