Քաղաքականություն 

Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է այս լեզվով խոսել. Քոչարյանը մտահոգ է

analitik.am

«Համարեք, որ վերադարձել եմ, միանշանակ»,-Երկիր Մեդիայի եթերում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով քաղաքականություն վերադառնալու մասին:

Խոսելով իր վերադարձի պատճառների մասին՝ Քոչարյանը նշել է, որ դրանք երկուսն են: Պատճառներից առաջինը, երկրորդ նախագահի խոսքերով, վտանգներն են, որոնք տեսնում է աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով. «Նայեք քարտեզին, թե որտեղ է Հայաստանն ու ինչ երկրներով ենք շրջապատված, նայեք նաև մեր հարաբերություններին այդ երկրների հետ: Իրական նորություններով հետաքրքրվող մարդը կարող է դա անել: Այսօր ռուս-ամերիկյան հարաբերություններն ամենացածր մակարդակին են սառը պատերազմի ավարտից հետո: Կան պատժամիջոցներ և կա նաև պատժամիջոցների նոր ալիք, որը պետք է լինի աշնանը»:

Պաշտոնաթող նախագահը խոսել է նաև ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասին՝ հիշեցնելով, որ Վաշինգտոնը դուրս է եկել միջուկային պայմանագրից և դիմել է պատժամիջոցների քայլին: Ինչ վերաբերում է մեր մյուս հարևան Թուրքիային, Քոչարյանի խոսքերով այն հիմա տարբերվում է 10 տարի առաջվա Թուրքիայից, որը ձգտում էր անդամակցել ԵՄ-ին և այդ ձգտումը սահմանափակում էր Անկարայի ագրեսիվությունը կամ հարևանների ներքին գործերին միջամտելու մտադրությունները, ինչը չկա հիմա. «Մենք գիտենք Թուրքիայի հարաբերություններն Ադրբեջանի հետ և ունենք արցախյան չլուծված խնդիրը: Փորձեք այս ամենը կապել իրար հետ: Նայեք նաև Վրաստանին, որը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին: Իսկ Հայաստանում ունենք մի իշխանություն, որը չի հասկանում այս ամենը, որովհետև փորձ չունի: Նրանք չեն հասկանում, որ չի կարելի վարկաբեկել բանակը, որը մեր միակ երաշխավորողն է: Նրանք անում են քայլեր, որոնք խարխլում են հավասարակշռությունը: Չեն գնահատում ադեկվատ կերպով այն, ինչ կատարվում է Հայաստանի սահմաններից դուրս: Ես չեմ մեղադրում նրանց, փորձ չունեն: Որտեղից փորձ ունեն, եթե ՀԿ-ներում Սորոսի գրանտներով զբաղված են լրիվ այլ գործերով: Այդ ֆինանսավորումը միգուցե Ադրբեջանից է գալիս, կամ Թուրքիայից, որովհետև նպատակաուղղված է քայքայել, մեղադրել բանակը սահմանադրական կարգի մեջ, քաշքշել հայրենիքի պաշտպանության հարցում լուրջ ծառայություն ունեցած մարդկանց, սրանք անպատասխանատու քայլեր են: Կարող է՝ չեն հասկանում, բայց ես հասկանում եմ»:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Քոչարյանը նշել է, որ իր դեմ հարուցված գործը չպետք է կապել Ռուսաստանի հետ. «Բայց ես մտահոգություն ունեմ, երբ վարչապետն ասում է, որ ամբողջ աշխարհը պետք է ադապտացվի Հայաստանի նոր իրավիճակին: Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է այս լեզվով խոսել: Ռուսաստանը մեր ստրատեգիական գործընկերն է և առանց այդ գործընկերության մեր պաշտպանության հարցը շատ մեծ վտանգի տակ է»:

Նույն շարքից