Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կոմիտեն հասարակությունը բաժանել է դավաճանների և յուրայինների. Շարմազանով. Առավոտ

analitik.am

ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեծ ցանկության դեպքում անգամ դժվարանում է խոսել թավշյա հեղափոխությամբ Հայաստանում իշխանության եկած ուժերի հարյուրօրյա ձեռքբերումների մասին: Ավելին, տարօրինակ է համարում նոր կառավարության ձեռքբերումների մասին խոսելն առհասարակ: «Միգուցե այսօր երեկոյան հրավիրած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը կխոսի «ձեռքբերումների» մասին`ո՞ւմ է բռնել, ի՞նչ է արել, ո՞նց է արել»,- Aravot.am-ի հետ զրույցում հեգնեց Էդուարդ Շարմազանովը:

Մեր զրուցակցի համոզմամբ, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ոչ թե կառավարության ղեկավար է, այլ հեղափոխական կոմիտեի, քանի որ ջնջում է ամեն ինչ, ինչը մինչև իրեն եղել է, գնում է քաղաքական մերժողականության ճանապարհով: Մեր զրուցակցն ասում է նաև, որ ժողովրդավարության, այլախոհության, բազմակարծության, խոսքի ազատության և արտաքին քաղաքականության մասով բավական մտահոգիչ իրավիճակ ունենք: «Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կոմիտեն անցած երեք ամիսների ընթացքում հասցրել է հասարակությունը բաժանել դավաճանների և յուրայինների, քայլողների և նստողների, հեղափոխականների և հակահեղափոխականների, սևերի և սպիտակների. սա անթույլատրելի է: Ես ուզում եմ, թե ոչ` Նիկոլ Փաշինյանը բոլորի վարչապետն է և իրեն պետք է պահի իբրև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վարչապետ, ՀՀ-ի շահերը և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու անմեղության կանխավարկածը պետք է պաշտպանի, ոչ թե միայն իր, յուրայինների և հրապարակում հավաքվածների շահերը: Այնինչ, մենք այլախոհության նկատմամբ անհանդուրժողականություն ենք տեսնում, անմեղության կանխավարկածի խիստ խախտում. մի քանի գործերով պետական մարմիններն առանց դատարանի որոշման իրենց կարծիքն են հրապարակում: Վիքիլիքս կայքի հրապարակման հիման վրա մեղադրական եզրակացություն տեսանք, ինչը խայտառակություն է: Ավելին, հետագայում այդ դատավորն ասաց, որ նման բան չի եղել (խոսքն Արմեն Գևորգյանին առաջադրված  մեղադրանքի մասին է– Ն. Գ.): Մենք տեսանք չկայացած ասուլիս: Առաջին նախագահի պաշտոնավարման շրջանում, երբ նույնիսկ ՀՅԴ-ն էր փակվում, թերթեր էին փակվում, չեմ հիշում`նման տեռոր կա՞ր խոսքի ազատության դեմ: Կարծեմ, այնուամենայնիվ կային թերթեր, լրատվամիջոցներ և գործիչներ, որոնք օգտվում էին իրենց խոսքի ազատությունից: Այսօր այնպիսի մի իրավիճակ է, որ  կամ Փաշինյանին պետք է գովես, կամ, եթե չես գովում`հարձակումների պետք է ենթարկվես: Նիկոլ Փաշինյանն իրեն պահում է նեոբոլշևիկի նման: Նիկոլ Փաշինյանը դարձել է 21-րդ դարի Տրոցկին: Սա շատ մտահոգիչ է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնում է, որ այդ ժամանակ էր, որ Ռուսաստանը բաժանվեց հեղափոխականների և հակահեղափոխականների. առաջինները կարմիր դրոշը վերցրած գնացին Տրոցկու ետևից, երկրորդներն արժանացան Նիկոլայ երկրորդի ճակատագրին: Նա մի էական արձանագրում է ցանկանում անել`այժմ 21-րդ դարն է:

Նոր կառավարության`կոռուպցիայի դեմ պայքարելու, արդարություն հաստատելու ջանքերը ԱԺ փոխխոսնակը կարևորում է: Հիշեցնում է նախկինում իր քանիցս արած հայտարարությունները`ՀՀ բյուջեն գողացած կամ «լափած» պաշտոնյաները պետական համակարգում տեղ չունեն: Բայց, այսօր էլ մնում է նույն կարծիքին`դրա համար կա դատարան. «Անգամ դատարանում ամբաստանյալին վերջին խոսքի իրավունք է տրվում: Բայց այս մարդիկ լսելու ունակություն չունեն. հեղափոխական-հակահեղափոխականը ո՞րն է»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից