Հակառակորդը պարբերաբար դիմում է նման քայլերի, ստուգելու հայկական կողմի պատրաստվածությունը և զգոնությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՊԲ դիրքերից մեկում հակառակորդի ձախողված հարձակման փորձի մասին, ասել է Արցախի Հանրապետությաննախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Արտառոց ոչ մի բան տեղի չի ունեցել: Այս անգամ ևս փորձ կատարեցին և լիակատար ձախողվեցին: Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է մնալ վերահսկելի, և մեր կողմից թուլության որևէ դրսևորում և, առավել ևս, խուճապ չկա և չի կարող լինել»,- նշել է Բաբայանը:
Խոսելով վերջին շրջանում արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակից, ԱՀ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ իրավիճակը կայուն է, սակայն այդ կայունության հիմնական գրավականն այն է, որ հայկական կողմը միշտ պատրաստ է և զգոն:
«Մենք գիտենք հակառակորդի նենգության և ատելության աստիճանը: Այն, որ ձախողում է այդպիսի ահաբեկչական փորձերը, ցույց է տալիս, որ ռազմավարական նախաձեռնողականությունը շարունակում է մնալ Պաշտպանության բանակի ձեռքում»,- ասել է Բաբայանը: