գլխավոր Քաղաքականություն 

Հայաստանն ու Ռուսաստանն աննախադեպ նախագիծ են պատրաստում

«Այսօր Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մեկը համարյա արցունք էր թափում, թե այս ինչքան վատ են հայ-ռուսական հարաբերությունները: Ուզում եմ ասել հետևյալը. այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, նաև Ռուսաստանի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել: Եվ ամբողջ խնդիրն այն է, որ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակն ամբողջությամբ չեն գնահատել»,-օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայ-ռուսկան հարաբերությունների մասին:

Փաշինյանի խոսքերով, այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին ուղղակի ծիծաղելի է. «Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և երեք անգամ ունեցել եմ հեռախոսազրույց: Եվ կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների և նրանց սատելիտների, հայ-ռուսական հարաբերությունները լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են: Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերանսներ չեն լինելու, և մեր քաղաքականությունը, մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն է և հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը»:

Վարչապետը հիշեցրել է 3 ամիս առաջ տրված խոստումը,  որ հայ-ռուսական հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի. «Եվ  այսօր ուզում եմ ասել, որ համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո դուք՝ բոլորդ, կիմանաք հայ-ռուսական մի համատեղ հումանիտար նախագծի մասին, որն աննախադեպ է երրորդ հանրապետության և Խորհրդային Միության փլուզումից հետո մեր նորանկախ պատմության մեջ: Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել, և դա լինելու է կոնկրետ ապացույցը, որ մենք հետևողականորեն, այո′, գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Բայց ես ուզում եմ մի բան ասել, որ կուզենայի լսեն նաև Ռուսաստանում գործող այն փորձագետներին, ովքեր անընդհատ ահազանգում են, որ Հայաստանը գնում է Արևմուտք, Հայաստանը գնում է Արևելք, Հայաստանը չգիտեմ ուր է գնում: Հայաստանի Հանրապետությունը ոչ մի տեղ չի գնում: Հայաստանի Հանրապետությունն ամուր կանգնած է իր ոտքերի վրա, ուղիղ ողնաշարով, հպարտ քաղաքացիներով և արժանապատիվ կեցվածքով: Եվ հայ-ռուսական ռազմավարական բարեկամությունը խորանալու է և զարգանալու է»:

  • 120
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 6
  •  
  •  
  •  
    127
    Shares

Related Articles