Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտքերը, որոնք վերջինս բարձրաձայնել է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ:
«Ինձ շատ է ուրախացնում, որ ես ու Փաշինյանը միանման ենք մտածում: Նա գործերը չի թողնում վաղվան, օլիգարխիայի և կոռումպացված «էլիտայի» ազդեցությունը չեզոքացնում է իշխանությունը Հայաստանի ժողովրդին փոխանցելու ճանապարհով: Ժողովրդական էյֆորիայի ալիքի վրա նա սկսել է շատ արագ բարեփոխումներ իրականացնել, որոնք արագ սկսել են նկատելի արդյունքներ ցույց տալ և շոկի մեջ գցել կոռումպացված «էլիտային»: Սակայն նա հասկանում է, որ վերջիններիս շփոթվածության փուլը շուտով անցնելու է և նրանք փորձելու են իրեն իջեցնել վարչապետի աթոռից:
Քանի որ խորհրդարանում մեծամասնություն է կազմում հենց կոռումպացված «էլիտան», նրանց կհաջողվի հեշտությամբ արգելափակել Փաշինյանի բարեփոխումները, որից հետո դրանք ետ կշրջի: Որպեսզի նրանք չկարողանան դա անել, Փաշինյանն իշխանությունը տալիս է ժողովրդին՝ Հայաստանում ուղիղ ժողովրդավարություն հաստատելով:
Երբ նա կարողանա դա անել, ստիպված չի լինի պայմանավորվածությունների գնալ խորհրդանում կամ ձկան նման հարվածել սառույցին՝ հաղթահարելով խորհրդարանը գրաված կոռուպցիոներների և բանդիտների սաբոտաժը: Նա բարեփոխումներ անցկացնելու, օրենքներ և որոշումներ ընդունելու համար կարող է ուղղակիորեն դիմել ժողովրդի աջակցությանը: Իսկ մարդիկ ստիպված չեն լինի այլևս փողոց դուրս գալ, ուղղակի դա կանեն հանրաքվեի միջոցով: Իսկ եթե կոռուպցիոներները և բանդիտները փորձեն փայտ դնել բարեփոխումների անիվի տակ, ժողովուրդը հանրաքվեի միջոցով կցրի խորհրդարանը:
Մեզ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ուղղակի ժողովրդավարություն հաստատել, քանի որ ժողովուրդը միայն դրա միջոցով կարող է կոտրել գոյություն ունեցող համակարգը և հաղթահարել օլիգարխների, կոռուպցիոներների, մարզերում իշխանիկների կոնսոլիդացված դիմադրությունը: Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել մեր երկիրը»: