Գիտություն Հասարակություն 

Կարվի ամեն ինչ, որպեսզի ներառական կրթությունն Արցախում դրվի բարձր հիմքերի վրա. նախարար

analitik.am

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ներառական կրթությանը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 20 ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  խորհրդակցությանն     ԱՀ  ԿԳՍ  նախարար  Նարինե  Աղաբալյանը  և  Արցախի  հանրակրթական  դպրոցների    ներառական   կրթության   մասնագետները     քննարկել   և  վեր   են  հանել   այդ    ոլորտին  վերաբերող    մի   շարք  խնդիրներ,  հանդես  եկել  առաջարկություններով:

Խորհրդակցությանը  Նարինե   Աղաբալյանն  ասել է, որ  2010  թվականից  Արցախում  սկսել  է    գործել   ներառական  կրթությունը: Մինչև  2025  թվականն  Արցախում պետք  է   լրիվությամբ անցում  կատարվի   ներառական   կրթությանը:

«Այս  ուղղությամբ  որոշակի  քայլեր   արդեն  ձեռնարկվել  են, սակայն  մեր  հետագա   անելիքները  հստակեցնելու  համար   տարբեր    շահագրգիռ     կողմերի   հետ  դեռևս  անհրաժեշտ  են  քննարկումներ  կատարել: Մենք   խնդիր ունենք  ինչպես  ներառական  կրթության   համակարգի  արդյունավետության  բարձրացման, այնպես  էլ    դպրոցներում  արդյունավետ  դասապրոցեսների   կազմակերպման  և  անհրաժեշտ  պայմաններ  ունենլու   առումներով: Մինչև   հիմա  մենք  առանձնացրել  ու  գնահատել  ենք  կրթության   առանձնահատուկ  պայմաններ     ունեցող երեխաների  կարիքները:  Այսօր    խնդիր  ենք դրել  նաև  գնահատելու  ուսուցիչների, մասնագիտական    խմբերի աշխատանքները,  դպրոցներում  անհրաժեշտ   պայմանների  ապահովումը  և այլ  հարցեր»,-ասել  է   նախարարը:

Խորհրդակցության   ընթացքում, վերոնշյալ   իրավիճակները  ճիշտ   գնահատելու  համար,    որոշվել  է ԱՀ  առողջապահության  և   աշխատանքի, սոցիալական  հարցերի  և  վերաբնակեցման  նախարարությունների    հետ  համատեղ  ստեղծել  միջգերատեսչական    հանձնաժողով:

«Ներառական  կրթություն  ստացող  երեխաների համար    պետության   բյուջեից  ամեն  տարի   ավելի  քան  100  մլն  դրամ  է նախատեսվում, սակայն  այդ  գումարներն   ըստ  նպատակի  չեն  ծառայում: Այդ   գումարներով   երեխաներին     պիտի  տրամադրվի  տաք   սնունդ, որի     համար  չկան  պայմաններ:

Տրամադրվող    գումարներով   գնվում  է  քաղցրավենիք, ինչը   ճիշտ   չէ: Ավելի    հարմար    կլինի, եթե   սննդի   համար   նախատեսված   գումարները  տրամադրվի   երեխաների  պայմանների   բարելավմանը»,-նշել  է  Ն. Աղաբալյանը  և  ավելացրել, որ  կարվի  ամեն  ինչ, որպեսզի  ներառական  կրթությունն Արցախում    դրվի   բարձր   հիմքերի   վրա:

Հանրապետությունում  ներառական  կրթության     խնդիրները  համակարգում  է  գնահատման  և  թեստավորման  կենտրոնի    համապատասխան   բաժինը, իսկ   շրջկենտրոններում՝   դպրոցների  տնօրինությունների  ՊՈԱԿ-ներում   համապատասխան  մասնագիտական   խմբերը:

Ըստ   նախարարի՝  նրանք  պիտի    համագործակցեն իրար   հետ: Հնարավոր է  կենտրոնացվեն  և  ավելի  համակարգված    աշխատեն:  Չի  բացառվում, որ    Ստեփանակերտում  ստեղծվի  մի  ՊՈԱԿ, որը  շրջկենտրոններում կունենա  իր  ստորաբաժանումները:

Խորհրդակցությանը   գնահատման  և  թեստավորման  կենտրոնի  տնօրեն   Յուրի  Քարամյանն  ընդհանուր   տեղեկություններ  է  հաղորդել   ներառական  կրթության  մասով:

Նա  տեղեկացրել  է, որ  2018-2019  ուսումնական տարում հանրապետությունում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 501  երեխա  կա:

Յու. Քարամյանի խոսքով՝ ներառական   կրթության   աշխատանքներն   արդյուանվետ   կազմակերպելու  համար պիտի  քայլեր  ձեռնարկվի, որ   համապատասխան  մասնագետներով  համալրվեն   դպրոցները:Նրանք  պետք  է  պարբերաբար  մասնակցեն դասընթացների, որպեսզի    կարողանան   ճիշտ  իրականացնել   ներառական  կրթությունը:

 

Նույն շարքից