Հասարակություն 

Փոստային ծանրոցներով հոգեմետ նյութեր առաքելու դեպքերով 34 քրեական գործ է հարուցվել. ՊԵԿ

analitik.am

Արտերկրից փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերը 2018 թվականի ընթացքում շարունակում են աճել: Արդյունքում Հայաստանում ավելանում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ծավալը: Ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը Հայաստանում արգելված է և դիտարկվում է որպես մաքսանենգություն՝ առաջացնելով քրեական պատասխանատվություն: ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում ևս ծանրոցներով դեղամիջոցների տեղափոխումն արգելված է:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում տարեսկզբից մինչև օգոստոսի 17-ը թմրամիջոցի կամ հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղերով ծանրոցների Հայաստան փոխադրման 20 դեպքով հարուցվել է քրեական գործ, իսկ հաշիշի յուղ և մարիխուանա տեսակի թմրամիջոցների պարունակությամբ էլեկտրոնային ծխագլանակների տեղափոխման դեպքերով հարուցվել է 14 քրեական գործ:

Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերով ծանրոցների զգալի մասը Հայաստան է ուղարկվում հիմնականում եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից: Հաշվի առնելով դեպքերի աճը՝ ՊԵԿ-ը հորդորում է ձեռնպահ մնալ նման պարունակությամբ ծանրոցներ ստանալուց և առաքելուց, միաժամանակ այդ մասին իրազեկել նաև արտերկրում բնակվող հարազատներին և ծանոթներին:

Նույն շարքից