Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված հանրահավաքին մասնակցել է շուրջ 150 հազար քաղաքացի. «Այդ օրը ծառայությունը կատարվել է բարձր մակարդակով: Որևէ միջադեպ, լուրջ պատահար տեղի չի ունեցել»,-այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Օսիպյանը նշեց, որ միշտ հաշվարկներ արվում են, թե քանի քաղաքացի է մասնակցել այս կամ այն միջոցառմանը, սակայն ոչ միշտ են այդ թվերը հրապարակվում:
Ոստիկանապետը խոսեց նաև Երևանի տարբեր փողոցներում ապօրինի առևտրի մասին՝ հայտարարելով, որ իրեն դա անհանգստացնում է. «Դա ապօրինի է, քանի որ լիազոր մարմնի կողմից չունեն համապատասխան թույլատվություն: Վերջին տարիներին ապօրինի առևտուրը վերացված էր: Հիմա աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ, սակայն կան ապօրինի առևտուր անող քաղաքացիներ, որոնք անգամ սպառնում են, որ կդիմեն վարչապետին, այս կամ այն պատկան մարմնին: Մենք, սակայն, կաշկանդված չենք և գործում ենք օրենքների սահմաններում: Ես հասարակության աջակցությունն եմ խնդրում: Դա պետք է վերանա»: