Հասարակություն Ֆեյսբուք 

Առողջապահության նախարարն այցելել է Դատաբժշկական գիտագործնական կենտրոն

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այցելեցինք առողջապահության նախարարության ենթակայության Դատաբժշկական գիտագործնական կենտրոն։ Շրջեցինք կենտրոնի տարածքով, ծանոթացանք շենքային պայմաններին և հատուկ սարքավորումներով հագեցվածությանը, որոնք անհրաժեշտ են տարատեսակ փորձաքննությունների իրականացման համար։ Կենտրոնի տնօրենը հարց բարձրացրեց ժամանակակից ԴՆԹ սեքվենատորի ձեռքբերման անհրաժեշտության մասին, որը շատ մեծ ճշգրտությամբ իդենտիֆիկացիա է իրականացնում և գրեթե անփոխարինելի է այդ հարցում։ Պայմանավորվեցինք շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համատեղ ջանքերով ձեռք բերել այդ սարքավորումը։

Այնուհետև հանդիպեցինք կենտրոնի անձնակազմի հետ, որոնք աշխատում են Երևանում և մարզերում։ Իմ կողմից երկու հստակ պահանջ դրվեց՝ վստահությունը դատաբժշկական եզրակացությունների հանդեպ պետք է աճի թե՛ իրավապահ մարմինների, թե՛ ընդհանուր հանրության կողմից։ Եվ երկրորդը, վճարովի ծառայությունները ամբողջությամբ պետք է տեղափոխվեն սպիտակ դաշտ, ինչի ուղղությամբ արդեն իսկ հստակ աշխատանքներ են տարվում։

Խոսեցինք ոլորտի կադրային հագեցվածության և ֆինանսավորման մասին և որոշեցինք առարկայական քայլեր կատարել այդ ուղղությամբ»։

Նույն շարքից