Հասարակություն 

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հարյուրօրյա գործունեությունը՝ տեսաշարով

Հարյուր օրն, իհարկե, փոքր ժամանակ է հարյուր տոկոս բարեփոխումներ իրականացնելու համար, բայց միանգամայն բավարար է գործունեության գլխավոր ուղղությունները նախանշելու, հետագա կարգավորումները տեսնելու, օրինագծեր նախապատրաստելու և փոփոխությունների պատրաստ ու կարողունակ թիմ ձևավորելու համար:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պաշտոնավարման հարյուր օրերի ընթացքում կատարեց այս քայլերը՝ զուգահեռ մի շարք առանցքային միջոցառումներ իրականացնելով ոստիկանության գործունեության համարյա բոլոր ոլորտներում:
Հայաստանի ոստիկանությունն անշեղորեն իրագործել է օրենքով սահմանված և հանրության առաջադրած խնդիրները՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես հանցագործությունների կանխարգելման և բացահայտման աշխատանքները, կոռուպցիայի դեմ սկզբունքային պայքարը, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը:

Պայքար հանցավորության դեմ
2018 թ. մայիսի 10-ից օգոստոսի 20-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 12,3%-ով: Ընդգծենք՝ հենց գրանցվա՜ծ հանցագործությունների թիվը: Դա պայմանավորված է մի կողմից ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահության աճով, մյուս կողմից՝ հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր երևույթի բացառմամբ: Քաղաքացին այլևս չի խուսափում ոստիկանություն դիմելուց և իր սպասումների մեջ չի հուսախաբվում: Նշենք միայն, որ հաշվետու շրջանում ընթացք է տրվել հանցագործության մասին 13.215 հաղորդման, 2017 թվականին՝ 9.730. աճը 35,8 տոկոս է:
Ոստիկանության ամենօրյա ուշադրության կենտրոնում է հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումը: Կրկին թվերն են վկայում. վերջին 100 օրվա ընթացքում բացահայտվել է վարույթում գտնվող քրեական գործերով՝ 1253 ծանր, 133 առանձնապես ծանր հանցագործություն. սպանության և սպանության փորձի՝ 42, առողջությանը ծանր վնաս պատճառելու՝ 108, բռնաբարության և բռնաբարության փորձի՝ 17, հրազենի ապօրինի շրջանառության՝ 206, մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 138, խուլիգանության՝ 111, թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ 410, այդ թվում՝ իրացման նպատակով՝ 228, թմրամիջոցների մաքսանենգության՝ 66, ավազակության՝ 23, կողոպուտի՝ 82, գողության՝ 1222, այդ թվում՝ բնակարանային գողության՝ 166, խարդախության 233 դեպքեր և այլն:
100 օրվա ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 746 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից կրկնակի ավելին: Եվ դրանցից 585-ը կամ երեք քառորդից ավելին ի հայտ է բերվել հենց ոստիկանության կողմից:
Առաջընթացն ակնհայտ է նաև լատենտային հանցատեսակների հայտնաբերման ոլորտում: Աճ է արձանագրվել հետևյալ ուղղություններով. պետական կամ հանրային գույքի հափշտակություններ՝ 3,5 անգամ, յուրացման կամ վատնման դեպքեր՝ մոտ 2 անգամ, պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր՝ 1,5 անգամ, կաշառք ստանալու, տալու կամ միջնորդության դեպքեր՝ 2,2 անգամ: Ի դեպ, վերջին 100 օրվա ընթացքում հայտնաբերվել է կաշառակերության գրեթե նույնքան դեպք, ինչքան նախորդ ողջ տարվա ընթացքում կամ 2015-2016 թվականներին՝ միասին վերցրած:
Միայն ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով և հարուցված քրեական գործերով իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ բացահայտվել են պետությանը շուրջ 4.4 միլիարդ դրամի վնաս պատճառելու փաստեր. արդեն վերականգնվել է շուրջ 147 միլիոնի վնասը:
Հանցավորության դեմ պայքարում առանցքային է դարձել նաև քրեածին, այսպես ասած, գաղափարախոսությանն ու կառուցվածքներին ուղղված հարվածը: Արմատական հեղաշրջում պիտի կատարվի հասարակության որոշ շերտերում առկա թյուր մտածողության մեջ, անզիջում պիտի լիներ պայքարը հանցավոր խմբերի, դրանց պարագլուխների և «հեղինակությունների» հանցավոր գործունեության դեմ: Այդ շրջանակներում ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել 4 «օրենքով գողի» և հանցավոր հեղինակության նկատմամբ:
Եվ այս գործողությունները շարունակական են լինելու, որովհետև հասարակությունը ոստիկանությունից ակնկալում է հետևողական ու ամենօրյա աշխատանք բնականոն կյանքը խաթարող բոլոր քրեածին երևույթներն արմատախիլ անելու ուղղությամբ:

Քաղաքացու հետ շփման առաջնագծում
Հասարակությունը նաև ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների կտրուկ ու որակական բարելավում է սպասում: Եվ այս առումով նույնպես բարեփոխումները տեսանելի ու հեռանկարային են:
Ոստիկանությունը սկզբունքային փոփոխություն է կատարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ՝ վարչական ներգործության արսենալում էապես ընդլայնելով «բանավոր դիտողություն» և «նախազգուշացում» ներգործության միջոցների կիրառման պրակտիկան:
Դադարեցվել է լուսանկարահանող-արագաչափ սարքերի կիրարկումը հանրապետության բնակավայրերի՝ 60 կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում, իսկ չկառավարվող հետիոտնային անցումների պարագայում երթևեկությունը կազմակերպվելու է արհեստական խոչընդոտներով:
Քայլ է արվել նաև քաղաքացու տուգանքների բեռը թեթևացնելու ուղղությամբ: Ազգային Ժողովը 2018 թվականի հուլիսի 12-ին ընդունեց ՀՀ վարչապետի հանձնարարականով ոստիկանության կողմից մշակված ու ներկյացված «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքը, որի հիման վրա շուրջ 150.000 անձ ազատվել է նախկինում կուտակված մոտ 13,7 մլրդ. դրամ տուգանքի գումար վճարելու պարտավորությունից:
Այս ամենի հետ մեկտեղ, ճանապարհային ոստիկանությունը զգալի աշխատանք է տարել ճանապարհային երթևեկության կարգապահության ամրապնդման ուղղությամբ: Վերջին 100 օրվա ընթացքում ի հայտ է բերվել ավտոտրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու 915 փաստ, կոպիտ իրավախախտումների համար պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 1914 տրանսպորտային միջոց: Հասարակությանը մատուցվող ծառայությունների համատեքստում պետք է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են ճամբարային և զորակոչային 100-ից ավելի ուղեկցումներ:
Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են եղել հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նախորդող 100 օրերի ընթացքում ՀՀ ոստիկանության արտաքին ծառայությունների ստորաբաժանումները սպասարկել են քաղաքական, քաղաքացիական, մարզամշակութային 722 միջոցառում, այդ թվում՝ 278 հանրահավաք, երթ, ցույց, ընդ որում՝ 106-ը չարտոնված: Բացի այդ, իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ հասարակություն-ոստիկանություն կապն ամրապնդելու ուղղությամբ: Միայն վերջին 100 օրերի ընթացքում համայնքային ոստիկաններն այցելել են շուրջ 125.000 բնակարան, ծանոթացել բնակչության հետ, քննարկել նրանց անվտանգությանն առնչվող խնդիրներ: Առանձնակի ուշադրության կենտրոնում է գտնվել նաև գիշերային ժամերին լռությունը խախտելու դեպքերի կանխարգելման աշխատանքները: Իրականացված շրջայցերի արդյունքում դադարեցվել է 11 ժամանցի վայրերի գործունեությունը: Արձանագրվել է 18 վարչական իրավախախտում:
Սկզբունքային պայքար է ծավալվել նաև անտառահատման դեպքերի հայտնաբերման ու բացահայտման ուղղությամբ: Նախորդող 100 օրերի ընթացքում ՀՀ ոստիկանության և այլ պատկան մարմինների համատեղ աշխատանքների արդյունքում ի հայտ են բերվել ավելի քան 3 անգամ ավել անտառահատման դեպքեր, որոնք հաճախ ուղեկցվել են նաև պաշտոնեական և կոռուպցիոն հանցագործություններով:
Բարեփոխումներ են արվել նաև անձնագրային ծառայությունների բնագավառում:
Քաղաքացիներին պատշաճ սպասարկելու, մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ծառայություններում ընդմիջման ժամը տեղափոխվել է քաղաքացուն ավելի հարմար14:00-ից 15:00-ն: Պարզեցվել են հին նմուշի անձնագիր ստանալու, փոխանակելու, անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու, հանրային ծառայությունների համարանիշի և հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք ստանալու ընթացակարգերը: Այս ամենի համար քաղաքացին այսուհետ, անկախ հաշվառման վայրից, կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն:

Հանրային վերահսկողությունը՝ գերխնդիր
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն իր աշխատանքի առաջին հարյուր օրվա առաջնահերթություն է հռչակել նաև համակարգի գործունեության թափանցիկության, վերահսկելիության ու հանրության ներառական մասնակցության ապահովումը:
Սկզբունքորեն փոխվել է քաղաքացիների ընդունելության կազմակերպման գործընթացը. ոստիկանության պետն անձամբ է ընդունել տասնյակ քաղաքացիների, լսել նրանց առաջարկները, բողոքները, տվել սպառիչ պատասխաններ, նաև դիմումներին պատշաճ ընթացք տալու ցուցումներ:
Ոստիկանության գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը քաղաքացիական հասարակությանը մասնակից դարձնելու, ոստիկանության նկատմամբ հասարակական վերահսկողություն ապահովելու նպատակով Վալերիյ Օսիպյանի հրամանով ստեղծվել է ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդ՝ համալրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներով ու քաղաքացիներով:
Անցած հարյուր օրվա ընթացքում հասարակություն-ոստիկանություն կապի և ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ հիմնավոր քայլեր են արվել մեդիա դաշտում: Հասարակության հետ կապի և լրատվության վարչությունը, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցությամբ, տասնյակ պարզաբանումներ է տվել քաղաքացիներին հուզող ամենատարբեր խնդիրների շուրջ, եթեր են արձակվել տեսահոլովակներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի, հանրությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների գործունեության և այլ թեմաներով, առաջին անգամ կիրառվել և ավանդական է դառնում ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուների ֆեյսբուքյան օնլայն կապը քաղաքացիների հետ, հետադարձ կապ է ապահովվում ոստիկանության կայքէջին հղված հարցումների և դրանց կոնկրետ ու առարկայական պատասխանների ապահովման միջոցով:
Արմատական փոփոխություններ են կատարվել նաև ոստիկանության աշխատանքի ներքին կազմակերպման ուղղությամբ:
Ոստիկանությունում մշակված ու ներդրված նոր մեխանիզմով հանցագործությունների բացահայտման աշխատանքներն այսուհետ հաշվվելու են ոչ թե հաշվետու ժամանակահատվածում գրանցված հանցագործությունների թվից, այլ վարույթում առկա քրեական գործերով կամ նյութերով, որոնցում ընդգրկված են նաև չկասեցված և նախորդ տարվանից փոխանցված գործերը: Բացահայտումները վարույթով հաշվելը հնարավորություն կտա առավել օբյեկտիվ գնահատել տարածքային մարմինների աշխատանքը և հաշվետվություններում արտացոլել նաև նախորդ տարում հարուցված ու չկասեցված գործերի բացահայտումը, ինչը նախկինում դուրս էր մնում թե՜ տվյալ, թե՜ նախորդ տարվա հաշվետվություններից:
Մշակվել և փորձարկման փուլում է ոստիկանության տարածքային մարմինների օպերատիվ-ծառայողական գործունեության գնահատման նոր համակարգը: Եթե նախկինում հանցագործությունների բացահայտման գնահատումը կատարվում էր գրանցված հանցագործությունների բացահայտման տոկոսով, ապա նոր մոտեցմամբ կգնահատվի վարույթում առկա յուրաքանչյուր գործի բացահայտումը: Այսպիսով, յուրաքանչյուր գրանցված հանցագործության դեպքի բացահայտում տվյալ ստորաբաժանման համար կտա դրական արդյունք, և կիմաստազրկվի դեպքերը հաշվառումից թաքցնելու արատավոր պրակտիկան:
Սկզբունքորեն վերանայվել է կադրային բազայի ձևավորման, կադրերի շարժընթացի, ծառայողական ու կատարողական կարգապահության բարելավման խնդիրը:
Ոստիկանության բարեփոխումների շրջանակում սկսվել է կազմ-հաստիքային օպտիմալացման գործընթաց: Ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է աշխատանքները կանոնակարգող հանձնաժողով: Փոփոխությունների օբյեկտիվությունն ապահովելու նպատակով իրականացվում է գործառույթների և գործող հաստիքացանկի ուսումնասիրություն և համադրում՝ վեր հանելով ծառայությանը ոչ բնորոշ գործառույթները և ամրագրելով այն լիազորությունները, որոնք դուրս են մնացել համապատասխան ստորաբաժանման կանոնադրությունից:
ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն իրականացվել են Ոստիկանության զորքերի ծառայողներին մարտական հերթապահության մեջ ներգրավելու կազմակերպչական-ծառայողական աշխատանքներ, և առաջին հերթափոխը մի քանի օրից կմեկնի սահմանների պահպանություն իրականացնելու:
Լրամշակվել ու բարելավվել է ոստիկանության ծրագրային բյուջեն, ներառյալ՝ ոստիկանության գործունեության ոչ ֆինանսական արդյունքների մասին տեղեկությունների տրամադրումը, ինչը հնարավորություն կտա մեծացնել ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունը:
Ոստիկանությանը գործուղումների համար հատկացված միջոցները խնայողաբար օգտագործելու նպատակով վերանայվել է կենտրոնական ապարատի ծառայությունների կողմից իրականացվող ներքին գործուղումների կազմակերպման արդյունավետությունը, իսկ Կրթահամալիրում վերապատրաստում կամ փորձաշրջան անցնելու համար մշտական ծառայության տեղաբաշխման վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ գործուղված ծառայողներն այսուհետ կապահովվեն կրթահամալիրի հանրակացարանային համալիրում գիշերելու հնարավորությամբ, ինչի արդյունքում նույնպես կտնտեսվեն զգալի պետական միջոցներ:
Ոստիկանության պետի հանձնարարականով ծավալուն աշխատանք է կատարվել քաղաքացիական ծառայության գլխավոր և առաջատար խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստման ուղղությամբ: Մշակվել են համապատասխան բնագավառների իրավասությանը վերաբերվող հարցաշարեր և հարցատոմսեր, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվել է համակարգիչ և արդեն իսկ կարող է կազմակերպվել փորձնական մրցույթ:
Իրականացվել են կազմակերպաիրավական միջոցառումներ ոստիկանության առանձին ծառայություններում առաջխաղացման ենթակա ծառայողների ռեզերվ ստեղծելու ուղղությամբ:
Ոստիկանության ծառայողների մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով վերանայվում են կրթահամալիրի ուսումնական ծրագրերը, արդյունքում անցում է կատարվելու ինտերակտիվ մոդելային ուսուցման մեթոդներին՝ հիմնական շեշտը դնելով ապագա ծառայողների պրոֆեսիոնալ ունակությունների և գործնական հմտությունների ձևավորմանը:
Բարեփոխումների ծրագրերն ու արդեն իրականացված քայլերը պարբերաբար քննարկվում և ամփոփվում էին ոստիկանության ստորաբաժանումներում ու ծառայություններում ղեկավարության և անձնակազմի հետ անցկացվող աշխատանքային հանդիպումներում, իսկ մարզային այցերի ժամանակ, ընդգրկելով ոստիկանության բոլո´ր մարզային կառույցները, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը անձնակազմերի հետ քննության առավ և´ ռազմավարական գործողությունների ընդհանրական շրջանակը, և´ յուրաքանչյուր ստորաբաժանման խնդիրները միջնաժամկետ ու հեռանկարային պլանում:

Համագործակցություն միջազգային ասպարեզում
Անցած հարյուր օրվա ընթացքում ոստիկանությունն էապես ակտիվացրել է երկկողմ և բազմակողմ սերտ համագործակցությունն օտարերկրյա պետությունների ՆԳ նախարարությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ:
Հաշվետու շրջանում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպումներ է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանների, ԵԽԽՎ պատվիրակության հետ: Քննարկվել են համագործակցության հարցեր և փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք խնդիրներ:
Առաջնային է դիտվել օտարերկրյա գործընկերների փորձն ուսումնասիրելու և ըստ հարկի կիրարկելու խնդիրը: Մասնավորապես՝ երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության բալային համակարգին և ոստիկանական շարժական պարեկային ծառայությունների կազմակերպման և գործունեության Վրաստանի փորձին ծանոթանալու նպատակով հուլիսին Թբիլիսի գործուղվեց ՀՀ ոստիկանության պատվիրակությունը:

Օրենքի առաջ բոլորը հավասար են
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գործունեության 100 օրերին առաջին պլան է մղվել պայքարը համակարգում կոռուպցիայի ցանկացած դրսևորման դեմ: Մշակվել են մեխանիզմներ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ, և այդ գործընթացը ոստիկանության ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է:
Հաշվետու շրջանում ներքին անվտանգության վարչությունում կատարվել է 110 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել 68 ծառայող, 6-ն ազատվել են ոստիկանությունից: Նախաքննական մարմիններ է ուղարկվել 34 նյութ, որոնցից 25-ով հարուցվել են քրեական գործեր: Քրեական հետապնդման ենթարկված անձանց մեջ զգալի թիվ են կազմում ոստիկանության ավագ և գլխավոր խմբի պաշտոնյաները, այդ թվում՝ ոստիկանության կենտրոնական ապարատից:
Անցած հարյուր օրերին ոստիկանության ստորաբաժանումներում իրակա¬նացվել է 30-ից ավելի աուդիտ, արձանագրվել են 202.992.600 դրամի (նախորդ շրջանում՝ 35.725.100 դրամ) ֆինանսական խախտումներ, որից վերականգնվել է պետությանը հասցված 43.760.400 դրամ գումարը:
Զուգահեռաբար աշխատանքներ են տարվել նաև բյուջետային ծախսերի նպատակայնությունը բարձրացնելու, ոստիկանությանը հատկացված նյութատեխնիկական միջոցներն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ: Տարբեր խնայողություններով ընդհանուր առմամբ տնտեսվել է ընդհանուր 67 միլիոն դրամ:

Օրենսդրական գործունեություն
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում մշակվել և շրջանառության մեջ են դրվել 10 օրենքի և կառավարության 10 որոշման նախագծեր՝ միտված ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության կանոնակարգմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը և կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը:
Առանձնակի պետք է նշել ճանապարհային երթևեկության ոլորտի բարեփոխումներին ուղղված իրավակարգավորումները, ինչն առավելագույնս կապահովի ճանապարհային երթևեկության ոլորտում վարչական պատասխանատվության արդարության սկզբունքը, իսկ տուգանային միավորների համակարգի ներդրումը՝ որպես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման իրավական գործիք, միտված կլինի վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը և վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը: Բացի այդ, տուգանքների չափերի վերանայման և վարչական պատասխանատվության նոր մեխանիզմների կիրառման արդյունքում կթեթևանա քաղաքացու սոցիալական բեռը:
Կազմակերպաիրավական աշխատանքներ են իրականացվում ոստիկանության գործունեությունը նոր, միջազգային չափորոշիչներով կազմակերպելու ուղղությամբ: Առաջնային է պարեկային նոր ծառայության ստեղծումը, որը նպատակ ունի բեռնաթափելու համայնքային ոստիկանության և օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների աշխատանքը, բարձրացնելու բնակավայրերում իրավախախտումների կանխարգելման արդյունավետությունը, հաշված րոպեների ընթացքում արձագանքելու իրավախախտումներին և պատահարներին:
Պարեկային շարժական ծառայությունը բնակավայրերում կփոխարինի ՃՈ ստորաբաժանումներին, և ծառայության բազմապլան գործունեության ուղղություններից մեկն էլ կլինի ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման հսկողությունը:

***
Հարյուր օրն, իհարկե, փոքր ժամանակ է հարյուր տոկոս բարեփոխումներ իրականացնելու համար, բայց արդեն իսկ արվածը վկայությունն է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի և ոստիկանության ղեկավարության սկզբունքային ու վճռական դիրքորոշման՝ հետևողականորեն շարունակել սկսածը, իրագործել հանրության սպասումները, համարժեք լինել քաղաքացու իրավունքին ու պահանջին: Եվ ոստիկանությունը հավաստիացնում է, որ կարվի առավելագույնը Հայաստանի ներկային ու ապագային միտված բոլո՜ր բարեփոխումներն իրականություն դարձնելու համար:

  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Related Articles