ԷկոԼուրը դատապարտում է լրագրողների և ակտիվ հասարակության նկատմամբ բռնությունը, որը կիրառել են «իրավապահ» մարմինները սույն թվականի հունվարի 31-ին` Սյունիք-Արցախ սահմանագծին:
Կոչ ենք անում մեր իշխանությանը կատարել իր գործառույթը եւ պաշտպանել Հայաստանի քաղաքացիներին, լրագրողներին, նրանց սահմանադրական իրավունքները Հայաստանում եւ Հայաստանից դուրս:
Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման ակտիվիստներին և լրագրողներին Սյունիք-Արցախ սահմանագծի մոտակայքում դիմավորել են ԼՂՀ ոստիկանական համազգեստով և քաղաքացիական հագուստով մարդիկ` զինված ինքնաձիգներով և մահակներով:
Նրանք դաժանորեն ծեծել են «Նոյյան Տապան» տեղեկատվական գործակալության լրագրող Անուշավան Շահնազարյանին: Հարձակվել են երեք օպերատորների վրա, բռնությամբ առգրավվել և ոչնչացվել են նրանց տեսախցիկները, հարձակվել են Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հիմնադիր Խորհրդարանի Քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի, քաղաքագետ Իգոր Մուրադյանի, Հիմնադիր խորհրդարանի Նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանի, ազատամարտիկ Պավել Մանուկյանի, ինչպես նաև կանանց և երեխաների վրա:
Լուսանկարը՝ newsline.am-ի