Քաղաքական 

Որևէ գնահատական տալ չեմ կարող այդ մարդուն. Արեյանը՝ Հայկ Մարությանի մասին

Այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, պատասխանելով հարցին, թե ո՞ւմ է տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում, հայտարարեց, որ ընտրությունները դեռ առջևում են, իսկ իր կարծիքն իր գաղտնիքն է:

Խոսելով Երևանում աղբահանության հարցում տիրող իրավիճակին՝ քաղաքապետի պաշտոնակատարը նշեց, որ քաղաքն աղբի մեջ չէ, ուղղակի Սանիտեքը թերանում է իր պարտականությունները կատարելու գործում. «Անցած տարի ևս նման դեպք եղավ Սանիտեքի հետ, բայց հիմա ընկերությունը թերանում է իր աշխատանքների մեջ: Ես կատարել եմ բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում նաև տույժի եմ ենթարկել Սանիտեքին: Խնդիրն այդ ընկերության ներքին խնդիրն է: Նրանք պարտավոր են կատարել պայմանագրով ստանձնած պարտականությունները, և մենք պահանջելու ենք դա: Բացի դրանից, Սանիտեքն էլ ընդունել է, որ իր մեղավորությունն է»:

Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի հրաժարականի պատճառներին, Արեյանը ասաց, որ վերջինս իր հայտարարության մեջ ամեն ինչ ասել է և այն պետք է ընդունել որպես սպառիչ պատասխան:

Վերադառնալով Երևանի քաղաքապետի թեկնածուներին, մասնավորապես Հայկ Մարությանին՝ փոխքաղաքապետը նշեց, որ վերջինիս մասով որևէ բան չունի ասելու. «Որևէ գնահատական տալ չեմ կարող այդ մարդուն: Անձ է, որն ունի իր որակական հատկությունները, և կոռեկտ չէ, որ ես գնահատականներ տամ»:

Նույն շարքից