Այսօր՝ օգոստոսի 22-ին, Հայաստանում հայ-չինական դպրոցի բացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չինարենի իմացությունը բացում է հնարավորություն հասու լինելու մարդկության և քաղաքակրթության պատմության մի հսկայական շերտ և ահռելի տեղեկատվության. «Այն խողովակը, որի միջոցով հայաստանցիները, հայ ժողովուրդն առավել խորությամբ կտեղեկանան այն ահռելի ազդեցության մասին, որ Չինաստանն ու չինական քաղաքակրթությունն ունեցել է մարդկության զարգացման վրա»:
Վարչապետի խոսքերով, հայ ժողովուրդը ևս գալիս է հազարամյակների խորքից․ «Ես իսկապես պատմական մեծ իմաստ եմ տեսնում այն փաստի մեջ, որ այսօր Հայաստանի և Չինաստանի դպրոցները ծածանվում են կողք կողքի: Սա վկայում է այն մասին, որ մեր ժողովուրդները մարդկության պատմության համար ունեցել են բացառիկ առաքելություն: Եթե նայենք քարտեզին, մեր երկրները բավական հեռու են գտնվում իրարից՝ նույնիսկ ժամանակակից աշխարհի տրամաբանությամբ, երբ հեռավորությունը շատ փոքրացել է: Մեզ մոտեցնում է ռազմավարական մտածողությունը, որովհետև ժամանակակից աշխարհում ժամանակակից մտածողությունը, ռազմավարական մտածողությունը ցույց է տալիս, որ Հայաստանն ու Չինաստանն ունեն ընդհանուր բազմաթիվ հետաքրքրություններ, որոնց մեջ շատերն ունեն ռազմավարական նշանակություն: Ուրախ եմ արձանագրել, որ անկախության առաջին օրերից ի վեր հայ-չինական հարաբերությունները զարգացել են դրական մթնոլորտում: Իսկ այս նորակառույց դպրոցի բացումը պետք է խորհրդանշի մեր երկրների հարաբերությունների նոր, ավելի արդյունավետ, ավելի սերտ, ավելի բարեկամական էջի բացումը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Չինաստանի կառավարությանը, ժողովրդին, ՀՀ-ում Չինաստանի դեսպանին մեր հարաբերությունների այսպիսի դրական մթնոլորտի ձևավորման համար»:
Վարչապետը նշեց, որ ՀՀ-ի փողոցներում երթևեկում են Չինաստանի դրոշն ունեցող ավտոբուսներ, շտապօգնության կարիքն ունեցողներին օգնության են շտապում Չինաստանի դրոշով ավտոմեքենաներ, և հայերը բարձր են գնահատում այդ աջակցությունը. «Ինչ վերաբերում է հայ-չինական բարեկամության դպրոցին, ապա նրա գոյությունը լիովին տեղավորվում է մեր կառավարության ունեցած պատկերացումների շրջանակներում, որովհետև մենք Հայաստանը պատկերացնում ենք որպես բարձր ինտելեկտուալ հասարակություն, հանրություն ունեցող երկիր, որտեղ 2-3 լեզու իմանալը սովորական և առօյա երևույթ է: Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանում չինարենի ներկայությունը ոչ միայն քաղաքակրթական, այլ նաև տնտեսական անհրաժեշտություն է, քանի որ ամեն տարի Հայաստանում տեսնում ենք ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ: Բացի դրանից, տեսնում ենք, որ հիմա Հայաստանով հետաքրքրված են նաև չինացի գործարարաները: Եվ ուրեմն այս դպրոցի բացումը մարմնավորումն է այն լավատեսությունը, որ մենք ունենք Հայաստանի ապագայի վերաբերյալ, որ մենք ունենք հայ-չինական հարաբերություններ, մեր տարածաշրջանի և աշխարհի վերաբերյալ: Կեցցեն հայ-չինական հարաբերությունները, կեցցե Չինաստանի ժողովրդական Հանրապետությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե կրթությունն ու իմացությունը»: