ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը դատարանում հայտարարել է, որ նախագահն անձամբ իրեն հանձնարարել է հանցագործություն կատարել: Այս մասին թվիթերյան իր էջում գրում է վերջինիս պաշտպան Լաննի Դևիսը:
«Այսօր նա դատարանում հայտարարեց, որ Դոնալդ Թրամփն իրեն հանձնարարել է հանցագործություն կատարել՝ գումար տալով երկու կնոջ՝ նպատակ ունենալով ազդել ընտրությունների վրա: Եթե այդ վճարումները հանցագործություն են եղել Մայքլ Քոենի կողմից, ինչո՞ւ դրանք հանցագործություն չեն Դոնալդ Թրամփի համար»,-հարց է բարձրացրել իրավաբանը:
Associated Press-ի տեղեկություններով, 51-ամյա Քոենն իր մեղքն ընդունել է 8 կետով, այդ թվում՝ հարկերից խուսափելու մասով: Նա միևնույն ժամանակ հրաժարվել է հայտնել կանանց անունները, ում գումար է տվել:
Հավելենք, որ Քոենը գրավի դիմաց ազատ է արձակվել, նրան մինչև 5 տարի ազատազրկում է սպառնում: