Այսօր՝ օգոստոսի 22-ին, Հայ-չինական բարեկամության դպրոցի բացման արարողությունից հետո ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ այն բացի չինարենի խորացված ուսուցումից որևէ բանով չի տարբերվելու մյուս դպրոցներից. «Ինձ համար տարօրինակ է այն մեծ աժեոտաժը, որ կա դպրոցի շուրջ, որովհետև մենք ունենք այլ դպրոցներ որտեղ չինարենի ուսուցում կա: Ես կոչ եմ անում այն ծնողներին, որոնց երեխաներն այստեղ չեն ընդունվի, դիմել մյուս դպրոցներ, որոնց թիվը հասնում է 6-ի: Իսկ ծրագիրը մեր հանրակրթական դպրոցի ծրագիրն է լինելու»:
Հարցին, թե ի՞նչ կապ ունի դպրոցի բացման հետ ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, և արդյո՞ք պետք է նրան շնորհակալ լինել այս ծրագրի համար, Հարությունյանն ասաց, որ նախորդ իշխանությունների ժամանակ է սկսվել դպրոցի ծրագիրը. «Բայց ես չգիտեմ, թե ինչի համար պետք է երախտապարտ լինեմ: Ով ուզում է, թող գնա Վիգեն Սարգսյանին երախտապարտ լինի: Նախկին իշխանությունների օրոք մի բան է եղել, որ չեմ ուզում մեր օրոք լինի: Սա մեր պարտականությունն է՝ խրախուսել նման հաստատությունների բացումը: Պետք չէ սա որպես սխրանք ներկայացնել, սա մեր աշխատանքն է և առաքելությունը՝ նպաստել կրթության զարգացմանը»: