«Ես որևէ մեկին ճնշումների չեմ ենթարկում»,-այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությանը, թե գործադիրն իրավունք չունի ճնշում գործադրել օրենսդիր մարմնի վրա և մատ թափ տալ պատգամավորների ուղղությամբ:
Փաշինյանը նշեց, որ բոլորին ուղղակի կոչ է անում հաշվի նստել ժողովորդի կարծիքի և տեսակետի հետ:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք ինքը կարծում է, որ ԱԺ-ում Հանրապետականները կքվեարկեն Քոչարյանի օգտին, եթե ինքը հրաժարական տա, վարչապետ Փաշինյանը նշեց, որ տարբերակ չի տեսնում, ուղղակի ցանակցել է ցույց տալ, որ հարկավոր է իրավիճակը գնահատել իրատեսական, ռեալ՝ ավելորդ բարդություններից խուսափելու համար. «Հիշում եք, որ ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասում է, որ ինքն իրավիճակը ճիշտ չի գնահատում: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն իր գլխավորությամբ շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել»:
Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանում տեղի է ունեցել սիրո և համերաշխության հեղափոխություն, և ՀՀ-ում իշխում է սիրն ու համերաշխությունը: Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել ԱԺ նախագահի հետ, քննարկել հարցերը, որպեսզի որևէ մեկի մոտ հավելյալ մտավախություն չլինի. «Մեզ համար կարևոր է, որ մեր քաղաքացիները, այդ թվում նաև պատգամավորները մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն և հավելյալ մտավախություններ չունենալ»: