«Հայաստանի պատմության մեջ լրատվական դաշտը երբևէ եղե՞լ է այնքան ազատ, ինչքան այսօր»,-այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ հիմա շատերի կարծիքով խոսքի ազատության նկատմամբ ոտնձգություն է կատարվում:
Դիտարկմանը, որ հիմա նախարարներին քննադատելու համար քննադատողները քարկոծվում են, վարչապետն ասաց, որ ինքը որևէ քննադատության համար քարկոծելը չի ընդունում և կոչ է անում բոլորին քննադատություններին վերաբերվել կառուցողական. «Ես անձամբ ցանկացած քննադատության մեջ տեսնում եմ մեր սխալները գտնելու և դրանք ուղղելու հնարավորություն»:
Փաշինյանը հիշեցրեց, որ կյանքի մեծ մասը լրագրող է եղել և լրագրողների շարքերում է կանգնել. «Մենք պետք է արձանագրենք նոր իրողությունները և գործել նորովի»:
Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանը, վարչապետն ասած, որ այն աշխարհում ընդունված գործիք է և նույնիսկ իշխանափոխության առաջին օրերին միջազգային կազմակերպությունների հետ քննարկումներ են եղել. «Մարդկանց հաշիվների վրա կան միլիոնավոր դոլարներ, ակնհայտ է, որ դրանք հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ են: Բայց այսօրվա մեր քրեաիրավական կարգավորումները լուրջ խոչընդոտներ են ստեղծում այդ գումարների ծագումնաբանությունը քննելու և վերադարձնելու մասով»:
Փաշինյանը խոսեց նաև իր կողմից հնչեցրած հայտարարության մասին, որ պետք է խելքը գլուխները հավաքեն որոշ մարդիկ՝ հայտարարելով, որ 21-րդ դարում ցանկացած բանական քաղաքացի պարտավոր է իր խելքը պահել իր գլխում: