Հասարակություն 

Քննարկվել են մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման վերաբերյալ խնդիրները

Բնապահպանության նախարարն օրեր առաջ հայտարարել էր, որ շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու և աղբի կառավարումն արդյունավետ իրականացնելու նպատակով Հայաստանում աստիճանաբար պետք է կրճատվի, այնուհետև արգելվի մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային փաթեթների և տարաների օգտագործումը։

Այս նախաձեռնության շրջանակներում բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն օգոստոսի 20-ին հանդիպել է բնապահպանական  գործունեություն ծավալող մոտ 3 տասնյակ հասարակական կազմակերպությունների հետ։

Ողջունելով ներկաներին նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է, թե ինչ փուլում է գտնվում բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնած այս գործընթացը։

«Մենք սկսել ենք մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման ռազմավարության երկրորդ փուլը, որն իր մեջ ներառում է համապատասխան իրավական ակտերի մշակում։ Քննարկման փուլում են առևտրային օբյեկտներում պոլիէթիլենային փաթեթների համար նվազագույն վճար, հարկ կամ տուրք սահմանելու վերաբերյալ առաջարկություններն իրենց համապատասխան գնագոյացման  հիմանվորումներով»,- նշել է Ի․Ղափլանյանը։

Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվել են թղթե տոպրակների, բազմակի օգտագործման բոնուս-կոդերով կտորե տոպրակների և այլընտրանքային այլ տարբերակների առաջարկներ։ Նախարարի առաջին տեղակալը հավելել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այլ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ՝ հրաժարվելու ավելորդ պլաստիկե ապրանքների օգտագործումից։

Գործընթացին զուգահեռ  սկսվել է նաև իրազեկման բազմաճյուղ միջոցառումների իրականացումը՝ անիմացիոն և ոչ անիմացիոն սոցիալական գովազդների պատրաստում, իրազեկման դասընթացների և արշավների նախապատրաստական աշխատանքների ծավալում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տեղական և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվելիք բնապահպանական ծրագրերը՝ առաջարկելով  բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել պիլոտային ծրագրով ընտրված համայնքի՝ Թալինի  խնդիրների հնարավոր լուծումներին ուղղված միջոցառումներին։

Նույն շարքից