Տնտեսություն Բարի օր 

Մետաղական հանքերից միայն Ամուլսարի ոսկու հանքի ՇՄԱԳ հաշվետվությունն է բաց և հասանելի

Սույն թվականի օգոստոսի 2-ին Analitik.am-ը հարցում էր կատարել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ պահանջելով տրամադրել ՀՀ-ում գործող մետաղական հանքերի ՇՄԱԳ-երը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական, մասնավորապես, բոլոր այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են թթվային դրենաժի ռիսկի գնահատմանը՝ բոլոր հանքերի դեպքում  և ռիսկերի կառավարման մեխանիզմներին վերաբերող փաստաթղթերը: ՀՀ բնապահպանության նախարարությունից մեզ պատասխանեցին, որ վերոնշյալ փաստաթղթերը կան իրենց կայքում.

 

Analitik.am-ը մանրամասն ուսումնասիրեց բնապահպանության նախարարության կողմից նշված բաժինը, սակայն այնտեղ չգտնվեց վերոնշյալ փաստաթղթերը՝ բացառությամբ Ամուլսարի ոսկու հանքի ՇՄԱԳ-ի: Փաստացի, բացի Ամուլսարի սոկու հանքից, որևէ այլ մետաղական հանքի ՇՄԱԳ հաշվետվություն չկա բնապահպանության նախարարության  կայքում: Մենք կապ հաստատեցինք նախարարության հետ՝ պարզելու համար, թե ինչու տեղադրված չեն մնացած մետաղական հանքերի ՇՄԱԳ-երը, ի պատասխան ասացին, որ կայքի թարմացումից հետո դրանք պահպանված են բազայում, կան, կայքում կտեղադրեն երկու օր անց: Analitik.am-ը սպասեց ևս 10 օր՝ ավելի շատ, քան նշել էին նախարարությունից, սակայն այլ մետաղական հանքերի ՇՄԱԳ-երն այդպես էլ չտեղադրվեցին բնապահպանության նախարարության կայքում: Մենք նաև խնդրեցինք մեզ ուղարկել դրանք, եթե կայքում հնարավոր չի տեղադրել, ինչին ի պատասխան ասացին, որ կտեղադրեն կայքում:

Օգոստոսի 23-ին Analitik.am-ը նորից կապ հաստատեց Բնապահպանության նախարարության հետ, հիշեցրեց, որ անցել է բավականին ժամանակ, սակայն խոստացված փաստաթղթերը, որոնք պետք է բաց և հասանելի լինեն, դեռևս տեղադրված չեն:

Հուսանք, որ այդ փաստաթղթերը գոյություն ունեն և, ինչպես նշեցին նախարարությունից, երկու օրվա ընթացքում կտեղադրվեն կայքում, հակառակ պարագայում ստացվում է, որ ՀՀ-ում գործող մոտ 30 մետաղական հանքերից միայն Ամուլսարի ոսկու հանքի ՇՄԱԳ հաշվետվությունն է բաց և թափանցիկ, իսկ թե ինչ վիճակում են գտնվում մնացած մետաղական հանքերը, ինչ ռիսկեր են պարունակում դրանց շահագործումը և ինչպես են կառավարվում այդ ռիսկերը մնում է միայն գուշակել:

Հետաքրքիր է նաև այն, որ մնացած մետաղական հանքերի շահագործման վտանգներին որևէ բնապահպան չի անդրադառնում , ինչպես նաև չի բարձրաձայնվում  այն հարցը, թե ինչու են գաղտնի պահվում այլ մետաղական հանքերի ՇՄԱԳ հաշվետվությունները:

Արձանագրենք նաև այն, որ բացի Ամուլսարի ոսկու հանքից , այլ հանք ուղղակի չունի կայք, որտեղ արժեքավոր տեղեկություններ կլինեն  եզրակացություններ անելու համար: Չկան ՇՄԱԳ հաշվետվությունները, ռիսկերի կառավարման մեխանիզմները, ամենօրյա աշխատանքները: Այս պայմաններում ակտիվ քննադատվում է հենց Ամուլսարի ոսկու հանքը, սակայն գուցե անհրաժեշտ է նախ բոլոր մետաղական հանքերի համար հավասար պայմաններ ստեղծել, հետո նոր խոսել այն մասին, թե որ հանքն ինչպես է կառավարում իր ռիսկերը: Փաստացի, Ամուլսարի ոսկու հանքի մասով ամբողջական տեղեկությունները տեղադրված են Լիդիան ընկերության կայքում, իսկ մնացած մետաղական հանքերի մասին գրեթե ոչ մի արժեքավոր տեղեկություն չկա: Ի՞նչ է ստացվում՝  քննադատվո՞ւմ է նա, ով աշխատում է, իսկ մյուսները սուսուփուս և անարգել գուցե ապականո՞ւմ են բնությունը՝ ներկայացնելով դա որպես արդյունաբերություն:

 

Նույն շարքից