ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը միացել էր ՄԱԿ-ի նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հիշատակին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության հայտարարած սգո օրերին: Օգոստոսի 19-ից՝ կիրակի, մինչև օգոստոսի 22-ը՝ չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դրոշն իջեցվել էր։
Օգոստոսի 22-ին ՄԱԿ-ի հայաստանյան թիմը մեկ րոպե լռությամբ հարգեց պետական գործիչ, դեպի բարին առաջնորդող ուժի մարմնացում, կայուն զարգացման, ավելի արդար և խաղաղ աշխարհի ջատագով Քոֆի Աննանի հիշատակը։
Կոֆի Անանի հիշատակին նվիրված արարողության ժամանակ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Մշտական համակարգող Շոմբի Շարփը արժևորեց նախկին Գլխավոր քարտուղարի հսկայական դերը՝ որպես խաղաղության և ամբողջ մարդկության համար մարդու իրավունքների համաշխարհային առաջամարտիկ, ով միևնույն ժամանակ դիմակայել է իր պաշտոնավարության փոթորկոտ ժամանակաշրջանի 1997-2006թթ մարտահրավերներին։
ՄԱԿ-ի Մշտական համակարգողի ժ/պ Տանյա Ռադոչայը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Կառավարության, ՀՀ նախագահի աշխատակազմի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Հայաստանում Հունաստանի, Լեհաստանի, Իտալիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Լիբանանի և այլ երկրների դեսպաններ գրառում կատարեցին սգո մատյանում, որը բաց էր երկուշաբթի օրը՝ օգոստոսի 20-ից մինչև չորեքշաբթի՝ օգոստոսի 22-ը:

Միավորված ազգերի կազմակերպությունը սգում է նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահը, ով խաղաղ վախճանվեց կարճատև հիվանդությունից հետո՝ ըստ նրա թվիթերյան էջում շաբաթ օրն արված հրապարակման։ Գանացի հայտնի դիվանագետը 80 տարեկան էր:
Պրն. Անանը յոթերորդ մարդն էր, ով զբաղեցրել է կազմակերպության ղեկավարի պաշտոնը և առաջին Գլխավոր քարտուղարը, ով սկսել է որպես շարքային պաշտոնյա:
ՄԱԿ-ի ներկայիս ղեկավար Անտոնիո Գուտերեշը նրան հիացմունքով կոչում էր «դեպի բարիքն առաջնորդող ուժ» և «Աֆրիկայի հպարտ զավակը, որը դարձավ հանուն համաշխարհային խաղաղության և ողջ մարդկության պայքարող մարտիկ»:
«Ինչպես շատերը, ես պատիվ եմ ունեցել Քոֆի Անանին կոչելու իմ լավ ընկերը և ուսուցիչը: Ինձ համար մեծ պատիվ էր այն, որ նա ինձ ընտրեց` իր ղեկավարությամբ լինելու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը: Նա շարունակ եղել է այն մարդը, ում մշտապես կարող էի դիմել խորհուրդների և իմաստուն խոսքերի համար, և գիտեմ, որ ես միակը չէի», - մի ելույթում նշել է պրն. Գուտերեշը:
«Նա բոլոր վայրերի մարդկանց համար ստեղծում էր երկխոսության համար տարածք, խնդիրները լուծելու տեղ և աշխարհը բարելավելու ուղի: Այս դժվարին ժամանակներում նա երբեք չդադարեց աշխատել՝ ջանալով ի կատար ածել ՄԱԿ-ի Կանոնադրության արժեքները: Նրա ժառանգությունը մեզ բոլորիս համար իսկական ոգեշնչման աղբյուր կլինի»:
Քոֆի Անանը ծնվել է 1938թ. ապրիլի 8-ին Գանայի Կումասի քաղաքում:
Նա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է հինգ տարի տևողությամբ երկու հաջորդական ժամկետներով` սկսած 1997թ. հունվարից:
Պրն. Անանը ՄԱԿ-ի համակարգին միացավ 1962թ.-ին՝ որպես Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վարչական և բյուջետային հարցերով աշխատակից, այնուհետև ավելի բարձր մակարդակի պաշտոններ զգաղեցրեց այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բյուջետային և ֆինանսական հարցերը և խաղաղապահությունը:
Ինչպես նշեց Պրն. Գուտերեշը. «Շատ առումներով Քոֆի Անանը ՄԱԿ-ն էր: Նա բարձրացավ շարքային աշխատակցի պաշտոնից՝ կազմակերպությունն աննախադեպ արժանապատվությամբ և վճռականությամբ դեպի նոր հազարամյակն առաջնորդելու համար»:
Սկսելով Ժնևում՝ պրն. Անանը ՄԱԿ-ի պաշտոններ է զբաղեցրել այնպիսի վայրերում, ինչպիսիք են Եթովպիան, Եգիպտոսը, նախկին Հարավսլավիան և Նյու-Յորքի Կենտրոնական գրասենյակը:
1990թ. Իրաքի՝ Քուվեյթ ներխուժումից հետո նրան հանձնարարված էր դյուրացնել ավելի քան 900 միջազգային աշխատակիցների հայրենադարձությունը, ինչպես նաև արևմուտքցի պատանդների ազատ արձակումը:
Հետագայում նա ղեկավարել է ՄԱԿ-ի առաջին խումբը, որն Իրաքի հետ բանակցություններ էր վարելու նավթի վաճառքի վերաբերյալ` մարդասիրական օգնության գնումների ֆինանսավորման նպատակով:
1997թ. հունվարին Գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակվելուց անմիջապես առաջ, պրն. Անանը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների վարչության ղեկավարն էր. մի ժամանակահատված, երբ կազմակերպության ներկայությունը տեղերում աննախադեպ աճեց:
Որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ նրա առաջին խոշոր նախաձեռնությունը ՄԱԿ-ի բարեփոխումների մի ծրագիր էր, որը ներկայացվեց անդամ պետություններին 1997թ. հուլիսին:
Պրն. Անանն իր պաշտոնն օգտագործում էր ի նպաստ մարդու իրավունքների, օրենքի գերակայության, զարգացման և ի նպաստ Աֆրիկայի, և նա աշխատում էր ՄԱԿ-ին ավելի մոտեցնել ողջ աշխարհի մարդկանց` կապեր հաստատելով քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և այլ գործընկերների հետ:
Որպես Գլխավոր քարտուղար, նա նաև ոգեշնչող ուժ դարձավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային գործողություններում:
Պրն. Անանը և Միավորված ազգերի կազմակերպությունը 2001թ. համատեղ արժանացան Խաղաղության Նոբելյան մրցանակի։
2006թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովում իր հրաժեշտի ելույթի մեջ Քոֆի Աննանը նշեց, որ հուզված է, քանի որ հեռանում է, ինչպես ինքն անվանեց՝ «թարմ քամիներ ու համաշխարհային տեսարաններ պարգևող լեռից»։
Թեև աշխատանքը ծանր ու դժվարին էր եղել, նա խոստովանեց, որ երբեմն այն նաև «հագեցած էր բավարարվածության զգացումով»։
«Ու թեև ուրախ եմ, որ իմ կյանքի հաջորդ փուլում դադար կառնեմ այդ ամեհի ժայռերին դիմագրավելուց, ես գիտեմ, որ կկարոտեմ լեռը»,- ասաց նա:
Այնուամենայնիվ, պրն. Անանը հանգիստ չառավ. Սիրիայում 2011թ. մարտին հակամարտության սկսվելուց անմիջապես հետո նա ստանձնեց Անվտանգության հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնացի գործը:
Նա նաև նախագահում էր 2016թ. Մյանմայի հիմնադրած խորհրդատվական հանձնաժողովը, որն ստեղծվել էր հանուն Ռոհինջա փոքրամասնության բնակավայր Ռաքհայնի բոլոր բնակիչների բարօրության բարելավման։
Նրա հայրենիքում` Գանայում, հիմնադրվեց խաղաղապահների միջազգային վերապատրաստման կենտրոն, որը կրում է իր անունը և որը լիազորվել է 2004թ.:
Քոֆի Աննանը (Գանա) ՄԱԿ-ի յոթերորդ Գլխավոր քարտուղարն է
Քոֆի Անանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար է եղել 1997թ. հունվարի 1-ից մինչև 2006թ. դեկտեմբերի 31-ը, ու նա առաջինն է եղել, ով սկսել է որպես շարքային պաշտոնյա և ծագումով Ենթասահարայից է եղել։