Գիտություն Հասարակություն 

Նախարարի տեղակալ Հ. Հովհանիսյանն ամփոփել է մարզային այցելության արդյունքները

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի, Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի թվով 17 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ  ուսումնական հաստատություններում առկա խնդիրներին,  2018-2019 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև քննարկել օպերատիվ լուծումներ պահանջող հարցերը:

Ամփոփելով եռօրյա շրջայցի արդյունքները` նախարարի տեղակալն արձանագրել է, որ շատ ուսումնական հաստատություներում ԵՄ բյուջետային աջակցության, «Սեյվ դը չիլդրն»,   «Վորլդ Վիժն», Գերմանիայի տնտեսական համագործակցության «GIZ»,  «Անուշավան Աբրահամյան» բարեգործական  հիմնադրամի և այլ դոնոր կազմակերպությունների աջակցության ծրագրերով վերջին տարիներին մեծ ծավալի աշխատանք է կատարվել, զուգահեռաբար կան նաև  հաստատություններ, որտեղ  վիճակը բավականին անմխիթար է:

Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի` դրանք հիմնականում բժշկական քոլեջներն են:  Կան նաև տեղական առանձնահատկություններ, օրինակ Սյունիքի մարզում Քաջարանի քոլեջը ապահովված է լավ պայմաններով, սակայն այնտեղ աշխատողների խնդիր կա, քանի որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը  մասնագետներին բարձր վարձատրութուն է ապահովում  և  այնտեղ մասնագետը  շահագրգիռ չէ աշխատելու քոլեջում` ցածր աշխատավարձով: Որպես ընդհանուր խնդիր` ԿԳ նախարարի տեղակալն առանձնացնում է  կառավարման խորհուրդների արդյունավետության բարձրացումը. «Կառավարման խորհուրդներում որպես կանոն ընդգրկված են գործատուներ,  բայց նրանք հաճախ քոլեջի կյանքում ակտիվ ներգրավվածություն չունեն և չեն մասնակցում հաստատության  զարգացմանը և ուսումնական գործընթացին:  Մինչդեռ  գործատուների ներգրավվածության իմաստն այն էր, որ նրանք ուսանողների համար  իրենց ընկերություններում ուսումնական պրակտիկա կազմակերպեն:  Մտահոգիչ մի խնդիր էլ կա,  որը միանգամից նկատելի է բոլոր հաստատություններում: Ուսումնական հաստատության հաջողությունը պայմանավորված է նաև տնօրենի նախաձեռնողականությամբ: Եթե  տնօրենը ակտիվ է, ունի տեսլական, քոլեջի կամ ուսումնարանի զարգացման ռազմավարություն, որպես կանոն արդյունքը դրական է»,- նշում է Հ.Հովհաննիսյանը:

Նախարարի տեղակալի համոզմամբ` ՄԿՈՒ համակարգի զարգացման համար  կարևոր է ձեռնարկատիրական գործունեության հնարավորության ստեղծումը, որը քոլեջներին և ուսումնարաններին կապահովի արտաբյուջեով և կխթանի զարգացումը: ՄԿՈՒ հաստատություններն ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և դրանց նպատակային օգտագործման  համար պետք է համապատասխան միջավայր և իրավական դաշտ ստեղծել: Զարգացման հեռանկարային մյուս մոդելը ՄԿՈՒ հաստատություններում դուալ կրթության համակարգի ներդրումն է, որը  աշխատանքի վրա հիմնված կրթություն է:

Ինչ վերաբերում է ընդունելությանը, ապա նախարարի տեղակալի գնահտմամբ թեպետ այս տարի  կառավարության կողմից տեղերը  նվազել են, սակայն մարզերում անգամ հատկացված անվճար տեղերի համալրման խնդիր կա: Մասնագիտությունների  ընտրության հարցում ևս նոր` աշխատաշուկային միտված  պահանջարկ ձևավորելու խնդիր կա:

Նույն շարքից