Այսօր՝ օգոստոսի 24-ին, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ընդունել է Նուբարաշեն համայնքի բնակիչներին, ովքեր պահանջում են լուծում տալ աղբավայրի հարցին:
Արեյանի հետ հանդիպած 5 քաղաքացիներից մեկը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսք է տվել լինել Նուբարաշենում և անձամբ ծանոթանալ տիրող իրավիճակին, հանդիպում կկազմակերպի այն օպերատորների հետ, ովքեր աշխատանքներ են կատարում և լուծումներ կտրվի:
Քաղաքացու խոսքերով, աղբի հոտին դիմանալն այլևս անհնար է, պետք է ինչ-որ կերպ վերացնել այն՝ հողով կամ շինաղբով աղբը փակելով:
Արեյանը քաղաքացիներին նաև խոսք է տվել ավելի հետևողական լինել խնդրին:
Ինչ վերաբերում է նրան, որ աղբավայրի սահմաններն այլևս հնարավոր չէ ընդլայնել, փոխքաղաքապետը քաղաքացիներին հայտնել է, որ միջազգային բանկը հավանություն է տվել համապատասխան ծրագրին, տենդեր է հայտարարվելու, լինելու է հաղթող, կառուցվելու է միջազգային նորմերին համաձայն աղբավայր, իսկ մինչ այդ տրվող լուծումները ժամանակավոր են լինելու՝ աղբավայր տարված աղբը ծածկվելու է հողով, որպեսզի բնակիչները ստիպված չլինեն շնչել դրա հոտը: