Քաղաքական 

Մերկելը խոստացավ օգնել Հայաստանին

Այսօր՝ օգոստոսի 24-ի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհակալություն հայտնեց դրական վերաբերմունքի համար՝ հայտնելով, որ ուրախ է Հայաստանում գտնվելու համար:

Մերկելը նշել է, որ արդեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Մենք գիտակցում ենք, թե 1915 թվականին ինչպիսի սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովդրի նկատմամբ և այս փաստը չպետք է մոռացվի»:

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ գտնվում է մի երկրում, որն ունի բարձր մշակութային և պատմական ավանդույթներ, բայց նաև բաց է նոր ապագայի առջև. «Մենք անցյալ ամիսներին հետևել ենք ձեր երկրում տեղի ունեցող իրադադարձություններին, խաղաղ ցույցերին և թավշյա հեղափոխությանը, ինչպես այն ընդունված է անվանել: Մենք խոսել ենք նաև այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերությունները՝ ոչ միայն երկկողմ ֆորմատով, այլ նաև ԵՄ-ի շրջանակներում»:
Մերկելի խոսքերով, Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները շատ լավ են, սակայն կարող են ավելի ընդլայնվել. «Ես կարծում եմ, որ մենք ունենք լավ օրակարգ ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական հարցերի շուրջ: Ինձ ուղեկցում է տնտեսական պատվիրակություն, որն առիթ կունենա շփվել Հայաստանի գործընկերների հետ: Մենք ցանկանում ենք համագործակցել թվայնացման ոլորտում, ինչպես նաև ռեսուրսների ոլորտում: Կարևոր է համագործակցությունը կրթական ոլորտում: Հայաստանում կան դպրոցներ, որտեղ խորացված գերմաներեն է ուսուցանվում: Այս ծրագիրը կարելի է ընդլայնել: Լավ օրինակներ ունենք նաև գիտական գործունեության մեջ, որը կարելի է էլ ավելի խորացնել»:
Գերմանիայի կանցլերը հայտնել է, որ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ապաստան խնդրողների հարցը. «Մենք բավականին լավ ենք համագործակցում այս ոլորտում, բայց կարելի է ավելին անել, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան բժշկական օգնություն ստանալ Գերմանիայում»:

«Ուրախ եմ, որ մեզ հաջողվել է Հայաստանի հետ խորը և համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել: Ուրախ եմ, որ Հայաստանը ցանակնում է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, Գերմանիան իր ներդրումը կունենա այդ հարցում»,-ասաց Մերկելը:

Գերմանական կառավարության ղեկավարը նշեց, որ Փաշինյանի հետ խոսել է նաև ԼՂ հակամարտության մասին՝ հայտարարելով, որ Բեռլինը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել հակամարտության խաղաղ կարգավորման համար. «Գերմանիան Մինսկի խմբի անդամ է: Կարևոր է հակամարտությունը լուծել լավ մթնոլորտում, Գերմանիան կաջակցի Հայաստանին»:

Մերկելը խոսեց նաև Թումո այցի մասին՝ հայտարարելով, որ այն հրաշալի օրինակ է կրթական փիլիսոփայության մասով, որը որդեգրել է Հայաստանը՝ հնարավորություն տալով երեխաներին նորարարական տեխնոլոգիաների ոլորտում դրսևորել իրենց:

Նույն շարքից