Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականութունը որևէ գործընկերոջ հետ չի վարում որևէ այլ գործընկերոջը հակակշռելու նպատակով: Օգոստոսի 24-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Deutschlandfunk»-ի թղթակցի հարցին, թե հնարավոր է արդյո՞ք արդյունավետ հավասարակշռել Եվրամիության և Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Փաշինյանը հիշեցրել է նոր իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ թավշյա հեղափոխությունից հետո շրջադարձեր տեղի չեն ունենալու, ռևերսներ տեղի չեն ունենալու. «Մենք մտադիր ենք և իրականացնում ենք այդ մտադրությունը՝ զարգացնելու մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նաև Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակում, մենք զարգացնում ենք հարաբերությունները Եվրամիության երկրների, այդ թվում՝ Գերմանիայի հետ: Եվ մեր քննարկման ընթացքում արձանագրվեց, որ արտաքին քաղաքական այս մոտեցումը լիարժեք կերպով ընկալելի է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից և մենք այստեղ հակասություններ ու հակակշռելու անհրաժեշտություններ չենք տեսնում: Սա է մեր քննարկման ոգին, և կարծում եմ՝ տիկին կանցլերը նույնպես կհաստատի այս դիրքորոշումը»: