Հասարակություն Բարի օր 

«Հասմիկ» ճամբարում տեղի ունեցածը պատահական չէ, այն միասեռականության քարոզ է. Հայկ Նահապետյան

Այն, ինչ տեղի է ունեցել «Հասմիկ» ճամբարում, պատահական չէ: Այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը:

Նահապետյանը, անդրադառնալով ճամբարի ղեկավարությանը, նշեց մամուլում եղած հրապարակումների մասին, որ տնօրեն Ժորա Մուրադյանը, ով եղել է նաև Նուբարաշենի թիվ 18 հատուկ գիշերօթիկ դպրոցի տնօրեն, 2004 թվականին նա մեղադրվել է երեխաների նկատմամբ բռնության և սադիզմի մեջ. «Եվ այդ անձը 1968 թվականից «Հասմիկ» ճամբարի տնօրենն է»:

Բանախոսի խոսքերով, ճամբարում աշխատողները պարտավոր են լինել մանկավարժ, քանի որ աշխատում են երեխաների հետ ու պարտավոր են իմանալ, որ դեռահասներին հակառակ սեռի երեխաների հագուստ հագցնելով, որոշակի հոգեբանական խնդիրներ են առաջացնում նրանց մոտ:

Նահապետյանի խոսքերով, դեպքի մասով ոչ պրոֆեսիոնալ դիրքորոշում է դրսևորել Կոտայքի նորանշանակ մարզպետը, ով հայտարարել է, որ դա ընդամենը եղել է ՈւՀԱ բեմականացում և արտառոց բան չի եղել: Մարզպետը նաև նշել է, որ պատրաստվում է հանդիպել ճամբարի ղեկավարության հետ, սակայն մինչև այսօր դեռ այլ մեկնաբանություն չի եղել:

«Շատ ավելի ընդհատակից պատասխաններ է տվել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ով ասել է, որ տեղյակ չէ և կխոսի այդ մասին, երբ ճամբարի ղեկավարությունը կարծիք հայտնի: Ստացվում է, որ նրա կարծիք հայտնելը կապված է ճամբարի ղեկավարության խոսելու հետ: Նույն ոչ պրոֆեսիոնալ պատասխանը տվել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Ես ցանկանում եմ խոսել նաև Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի պատասխանի մասին: Նա հրաշալի պատկերացնում է, թե ինչ է տեղի ունեցել ճամբարում: Ես մեջբերեմ նրա պատասխանից մի մաս․ «Մշակութային միջոցառումների առումով մենք ունենք շատ սկզբունքային և հստակ մոտեցում, դրանք պետք է հստակ արտացոլեն մեր պատմամշակութային արժեքները»: Սակայն, արդյո՞ք այդ օրվա միջոցառումն արտացոլում է այդ արժեքները»,-հայտարարեց Նահապետյանը՝ նշելով նաև հոգեբան Կարինե Նալչաջյանի տեսակետի մասին, որ այդ ամեն ինչը չի բխում մեր ազգային արժեհամակարգից և երեխաների մոտ թողնելու է ոչ լավ հուշեր:

Բանախոսը տեղի ունեցածը համարում է միասեռականության քարոզ:

Նույն շարքից