Հասարակություն Ֆեյսբուք 

Արտակ Բեգլարյանն ընտրվել է Արցախի կույրերի միավորման կազմակերպության նախագահ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր տեղի ունեցավ Արցախի կույրերի միավորման համագումարը, որի կողմից ես ընտրվեցի կազմակերպության նախագահ:

Պատասխանատու և դժվար պարտավորություն եմ ստանձնել, քանի որ Արցախում շուրջ 1000 տեսողության խանգարումներ ունեցող անձ կա, որոնց շահերն ու իրավունքները պետք է ներկայացնեմ տարբեր տեղերում: Դրան զուգահեռ՝ միավորումը գրեթե ոչ մի միջոց չունի (նույնիսկ սեփական գրասենյակ չունի)՝ չհաշված պետության կողմից տրվող տարեկան ավելի քան 2 մլն դրամը, այնինչ մինչև 2000-ական թվականների կեսերը կազմակերպությունը Ստեփանակերտի կենտրոնում տիրապետում էր մի քանի հազար քառակուսի մետր անշարժ գույքի, իսկ խորհրդային տարիներին՝ շատ ավելի խոշոր անշարժ և շարժական գույքի և մի շարք լուրջ արտադրամասերի: Ցավոք, այդ ամենը մութ պատմություններով փոշիացվել է, և հիմա կանգնած ենք կոտրած տաշտակի առջև:

Այժմ էլ ավելի պարտավորված եմ հնարավորինս աջակցելու Արցախի չտեսնողներին և՛ կրթության ու վերապատրաստման, և՛ զբաղվածության, և՛ ինտեգրացիայի, և՛ հաշմանդամության հետ կապ ունեցող մնացած հարցերում:

1. Եթե որևէ մեկը կարող է աջակցել Արցախի կույրերի միավորմանը տարբեր ծրագրեր իրագործելու և ռեսուրսներ ներգրավելու հարցում, ապա կխնդրեի կապվել ինձ հետ: Կարծում եմ՝ ՀՀ, սփյուռքյան և միջազգային մի շարք կազմակերպություններ կարող են մտածել այս ուղղությամբ, քանի որ այն առնչվում է հասարակական կյանքի տարբեր բնագավառների: Գլխավոր խնդիրը կհամարեի հաշմանդամների կարողությունների զարգացումը, ինչը դրականորեն կանդրադառնա նրանց կենսագործունեության բոլոր ուղղությունների վրա:

2. Կազմակերպությունը հայտարարում է կամավորների ընդգրկման մասին, ովքեր պետք է մեզ օգնեն տարբեր հարցերում, ներառյալ՝ առկա օրենսդրության և միջազգային փորձի ուսումնասիրություն, ծրագրերի մշակում և իրականացում, գրասենյակային աշխատանք, չտեսնողների ուղեկցում և այլն: Մենք պատրաստ ենք կամավորներին տրամադրել իրենց կամավորության մասին վկայական և հնարավորության դեպքում ընդգրկել տարբեր ծրագրերում ու դասընթացներում: Ցանկացողները թող գրեն ինձ:

Համոզված եմ, որ շատերի աջակցությամբ Արցախի չտեսնողների հիմնական մասը մի օր զբաղվածության ու ինտեգրացիայի խնդիր չի ունենա, մնում է ավելի ու ավելի շատ մարդ սրտացավ ու նախաձեռնող լինի նաև այդ հարցում...»

Նույն շարքից