Այսօր՝ օգոստոսի 27-ին, Ազատության եթերում, խոսելով իր՝ զինծառայությունից ազատվելու մասին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ «Հետք»-ին համապատասխան փաստաթղթերը տրամադրվել են, թե ինչ հիմքով է ինքն ազատվել զինծառայությունից. «Իսկ ինչ վերաբերում է անձնական, բժշկական տվյալների հրապարակմանը, կարծում եմ, որ ցանկացած ոք նման գաղտնիության իրավունք ունի»:
Թորոսյանը նաև նման հարց բարձրացնող հատկապես քաղաքական գործիչներին հորդորել է այդ հարցի մասին խոսելուց առաջ նայել իրենց զինգրքույկների մեջ:
Ավելի վաղ «Հետք»-ը հրապարակել էր այն պաշտոնյաների անունները, ովքեր չեն ծառայել բանակում՝ հայտնելով նաև դրա հիմքերը: Արսեն Թորոսյանի մասով հայտնվում էր, որ նա 10 ամիս ծառայությունից հետո առողջական խնդիրների պատճառով վաղաժամ է զորացրվել: