Այսօր՝ օգոստոսի 28-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարություն արեց քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին:
Պատգամավորը մասնավորապես նշեց, թե փաստաբանների կողմից համապարփակ տեղեկատվություն է ներկայացվել, որը մեկ անգամ ևս ապացուցում է, որ քրեադատավարական օրենքների կոպտագույն խախտումներով, անհիմն, շինծու գործ է թխվել, մեղադրանք է առաջադրվել. «Ես հրապարակային կանդրադառնամ սրան: Ուղղակի հիմա ուզում եմ ասել, որ սա Հանրապետության գրված և չգրված օրենքների, բարոյականության սահմաններից այն կողմ, մարդկային պատշաճությունից էլ այն կողմ գործողություն է, որը չի կարող մնալ անպատասխան»:
Ֆարմանյանի հայտարարությանն ավելի ուշ արձագանքեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ ՀՀ-ում քրեական գործերը հարուցվում են ըստ փաստերի, այլ ոչ թե ինչ-որ մեկի նախասիրությամբ: