Բարի օր Քաղաքականություն 

Այս անգամ Արցախից շատ ավելի մտահոգված եմ վերադարձել. Թևան Պողոսյան

analitik.am

Մեկ շաբաթ է վերադարձել եմ Արցախից։ Ինձ համար օգոստոսյան ամենամյա արձակուրդն Արցախում ընտանեկան խորհուրդ ունի՝ բարեկամների կարոտն առնելը, և ամենակարևորը՝ եռանդ ու ոգի ստանալը, որ դուխով սկսեմ աշխատանքս։

Այս անգամ շատ ավելի մտահոգված եմ վերադարձել։ Մտահոգ եմ մեր Մեծ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով ու ճիշտ հաշվարկված անհրաժեշտ միասնական քայլեր անելու մեր պատրաստվածությամբ։

Կնշեմ երկու մարտահրավեր այս պահին։

Անվտանգության մարտահրավերը։ Արցախցին ամեն օր է ծառայում և իր ներդրումը բերում Հայոց Աշխարհի անվտանգության ապահովման ու ամրապնդման գործին։ Կենացի ժամանակ մենք սա կնշենք, բայց արդյո՞ք գիտակցում ենք, որ այս իրականությանը պետք է հավուր պատշաճի վերաբերվել ամեն պահ։ Ամեն խոսք, որ ասվում է առանց հաշվի առնելու անվտանգության այն սուր ընկալումը, որը կա Արցախում, տեղում ծանր զգացողություններ է առաջացնում։ Մենք պետք է իրար ցավ լավ ընկալենք, միասին ցավանք, միասին լուծում գտնենք ու սովորենք միասին ապրել ու առաջ գնալ։

Պետականաշինության մարտահրավեր։ Փոքր Արցախը չի հասցնի անվտանգությանը զուգահեռ միայնակ պետական ինստիտուտների առաջխաղացմամբ արդյունավետ զբաղվել։ Նրան ամեն պահ օգնել է պետք։ Ընդամենը մեկուկես տարուց Արցախում ընտրություններ են։ Իսկ անելիք դեռ շատ կա։ Հատուկ օրենքների անհրաժեշտություն կա, դրանց նախագծերի հանրային քննարկումների կարիք կա, դրանց իրազեկման ու դրանցով նոր ընտրություններ կազմակերպելու խնդիրներ կան։ Նոր քաղաքական միավորումներ են ձևավորվում. դրանք կայանալու, քաղաքական կյանքն ու պառլամենտի դերը ճիշտ հասկանալու և շատ ու շատ այլ կարիքներ ունեն։

Կոչ եմ անում Հայաստանի կուսակցություններին սկսել աշխատել Արցախում գրանցված ու ապագայում գրանցվելիք կուսակցությունների հետ՝ ինչպես քաղաքական օրակարգերի վերաբերյալ, այնպես էլ զարգացման տեսլականներով։ Պետական մարմինները պետք է նույնպես իրար հետ աշխատելու նոր մոտեցումներ ձևավորեն՝ ոչ միայն խնդիրների ծանոթանալու, այլև համատեղ լուծումներ գտնելու տեսանկյունից։ Հասկանում եմ, որ առանձին պետական պաշտոնյաներ այցելում են, նախաձեռնում ծրագրեր, բայց խնդիրն իմ ընկալման մեջ համակարգումն է։

Ցանկը կարելի է շարունակել, բայց գլխավորը, որ սովորենք ամեն օր իրար հետ ապրել, արարել ու միասին մեր ընդհանուր հայկական շահերն առաջ տանել։

Արցախը սեր է։ Արցախը նաև համերաշխություն է։

Դուխով։

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյան

Նույն շարքից