Հասարակություն Բարի օր 

Գորիս քաղաքը ջուր չունի չարանենգ արարքի պատճառով. Գորիսի քաղաքապետարանը լռում է

Այսօր Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել Գորիս քաղաքի կաթվածահար եղած ջրամատակարարումների վերաբերյալ: Analitik.am-ը փորձեց մանրամասներ պարզել և հասկանալ, թե ինչ է կատարվել Գորիսում: Մենք նախ զրուցեցինք  Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանի հետ:

Մ.Սարգսյանն ասաց, որ խոսքը վթարի մասին չէ, խոսքը չարանենգ արարքի մասին է և ոչ մի վթար էլ տեղի չի ունեցել. «Ասեմ, որ մեր ջրատարների վրա դրված է ջրթափ, որ եթե ջրաղբյուրները կեղտոտեն ջուրը կամ որևէ այլ բան տեղի ունենա, այդ ջուրը չգնա բնակիչներին հասնի: Այդ մասով մենք ջրթափ ենք իրականացնում բաց դաշտերում ու սարերում, որ այդ ջուրը խողովակներից դատարկվի, և մենք գործ անենք: Իսկ մարդիկ այդ լեռների 100 կմ-անոց խողովակաշարը բացել են, քանի որ դա սարերում է տեղի ունեցել, մենք չենք կարող այդ խողովակաշարին հետևել և բնականաբար չենք կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել:

Մենք մշտապես մոնիտորինգ ենք իրականացնում ջրատարների վրա, որ իմանանք, թե ճնշումն ինչպիսին է՝ այսինքն, եթե ճնշումը կա, ուրեմն ջուր էլ կա: Երբ տեղեկացանք, որ ջուր չկա, մեր աշխատակիցները անմիջապես մեքենաներով գնացին և գտան տեղը, կարծեմ Սպանդարյան գյուղն էր նշված, և գյուղից դուրս ձորի մեջ տեսել են խողովակը:

Մի բան կարող ենք հաստատ ասել, որ դա մարդիկ են արել: Քանի որ չգիտենք՝ ով է արել, այդ մասով ամեն ենթադրություն կարող ենք անել, բայց մեր փորձից ելնելով ասեմ, որ շատերը՝ հիմնականում սարերում ոչխար պահողները, ամռանն իրենց ոչխարներին լողացնելու և մյուս սեզոններին էլ իրենց հողամասերին ջուր տալու համար գնում և բացում են խողովակները:

Չեմ կարող պատկերացնել այն, որ նրանք այդ 80 կմ-անոց ջրատարը, որը «Մուխուրթուրյան» -ի աղբյուրներից գնում է ոչ միայն Գորիս, այլև հարակից տարածաշրջանի տասնյակ գյուղեր, ինչպես կարող են բացել և չմտածել այն մասին, թե ժողովուրդն ինչ է անելու առանց ջրի: Այդ ջուրը մենք ոչ միայն պետք է ստանանք, այլև պետք է կուտակենք ամբարներներում, համակարգում, ջրատարներում, որպեսզի քայլ առ քայլ, թաղամաս առ թաղամաս ճնշում ապահովենք և այդ ճնշման արդյունքում էլ բազմաբնակարան շենքերում ջուրը բարձրանա մինչև վերևի հարկ և նորմալ ջուր ապահովի բնակիչներին: Հիմա ցանցում ջուր չկա և մեզ առնվազն 2 օր էլ պետք է, որ այդ ճնշումն ապահովենք: Կան նաև դեպքեր, որ ջրի խողովակներում օդ է կուտակվում և դա թույլ չի տալիս, որ մենք ճնշում ապահովենք: Շատ բողոքներ ենք ստացել, որ ջուրը տվել եք, բայց մեր մոտ ջուր չկա և դրա համար էլ մեր աշխատողները գնացել են շենք առ շենք, բացել են խողովակները, որպեսզի կուտակված օդը դուրս գա, և ջուրը շարունակի իր ճանապարհը:

Ջրային ցանց ասվածը բարդ խնդիր է, որն ունի մի շարք պրոբլեմներ, որոնց լուծման համար հնարավոր է  օր հարկավոր լինի, սակայն մարդիկ շատ հեշտ են պատկերացնում կյանքը և առանց խնդիրն իմանալու մեղադրում են:

Թող վիրավորական չհնչի, բայց ով մեղավոր է Գորիսում կատարվածի համար, շատ անխելք է, որովհետև հազարավոր մարդկանց թողել է անջուր, և նրանք էլ բողոքում են ջրմուղին՝ իրենց ջրազրկելու պատճառով: Մեր ջրահամակարգը հանրապետությունով մեկ շատ սրված է՝ օրինակ «Մուխուրթուրյան»-ը Գորիսի մեծ մասին ջուր է տալիս՝ 100կմ երկարություն ունի և խոշոր ջրատար է: Ո՞րն է ջրմուղի մեղքը, եթե մարդկանց զգալի քանակի ինքնագիտակգությունը, ցավոք, ցածր մակարդակի է»:

Analitik.am-ը զրուցեց նաև Գորիսի քաղաքապետարանի աշխատակիցների հետ, սակայն նրանք չպատասխանեցին մեր հարցերին՝ ասելով, որ տեղյակ չեն կատարվածի մասին և իրավասու չեն պատասխանելու մեր հարցերին:

Analitik.am-ը խոսեց նաև Գորիսի քաղաքաշինության և գյուղատնտեսության բաժնի պետ Գարեգին Թարսյանի հետ, բայց նա նույնպես մեր հարցերին չպատասխանեց՝ ասելով, որ հիմա գտնվում է Երևանում և Գորիսում տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություններ չունի:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից