Իրավական Հասարակություն 

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն

analitik.am

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա ՊԵԿ հետաքննության վարչության 3-րդ բաժնում իրականացված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Երջանիկ Անտոնյանն իր կողմից վարվող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս ինքնությունը չպարզված՝ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակցի հետ 2018 թվականի հուլիսի 20-ին, ժամը 10:05-ի սահմաններում, առանց պատշաճ թույլտվության, հսկողության և համապատասխան ձևակերպումների, Բագրատաշենի սահմանային անցակետով հատել է ՀՀ պետական սահմանն՝ ուղևորվելով Վրաստան: Այնուհետև, նույն օրը` ժամը 10:20-ի սահմաններում, նա նույն կերպ վերադարձել է Հայաստան: Այնուհետև, 2018 թվականի հուլիսի 21-ին նույն ավտոմեքենան Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ելքի ուղեփակոցը հատելուց հետո զննության է ենթարկվել: Արդյունքում ավտոմեքենայից հայտնաբերվել է առանց հայտարարագրման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված 24 շիշ ալկոհոլային խմիչքներ:

Դեպքի վերաբերյալ ՊԵԿ հետաքննության վարչության 1-ին բաժին ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ինչպես «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով ՀՀ տարածքը լքած և նույն ավոտմեքենայով հետ վերադարձած մաքսային ծառայողը, այնպես էլ առանց պատշաճ թույլտվության, հսկողության և համապատասխան ձևակերպումների նշված ավտոմեքենային ՀՀ սահմանը հատել թույլ տված պետական ծառայություն իրականացնող անձինք իրենց պաշտոնեական դիրքը համապատասխանաբար ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելու եղանակով էական վնաս են պատճառել ՀՀ օրինական շահերին:

Դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Նույն շարքից