Գլխավոր Հասարակություն 

Սևանա լճից ջուր բաց թողնելու որոշումն ամբողջությամբ ընդունվեց

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 29-ին, Ազգային ժողովը ձայների 80 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ավելի վաղ հարցի հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի  նախագահ  Ինեսա Գաբայանը հայտարարել էր, որ  2018թ. Սեւանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը մշակվել է համաձայն «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված ծրագրի 6.1 կետի երկրորդ պարբերության դրույթների: Ծրագիրը նպատակաուղղված է 2018 թ. Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման ցանցերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն:

Օրենքով ամրագրված է լճից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակ՝ 170 մլն մ խորանարդ: 2018թ. համակարգի ոռոգման ջրի դեֆիցիտը  2016թ. համեմատ կկազմի շուրջ 40 մլն մ խորանարդ: Զեկուցողը նշել է, որ ծրագրի իրականացումից ակնկալվում է հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմում, ոռոգում իրականացնող կազմակերպությունների մոտ մեխանիկական ջրարտադրության փոխարինում ինքնահոսով:

 

Նույն շարքից