Բարի օր Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանի ընտրվելը բխում էր ՀՀ պետական շահից. Էդուարդ Շարմազանով

analitik.am

Խորհրդարանական համակարգի անցնելու համար տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը նորություն չէ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակի խոսքերով, Սահմանադրական բարեփոխումների իրականացման ընթացքում, ինչպես նաև դրանից առաջ և հետո տարբեր քաղաքական գործիչներ իրենց տեսակետերն են հայտնել դրա մասով, այդ գործիչների թվում է եղել նաև Քոչարյանը. «Ես միայն կարող եմ վերահաստատել մեր դիրքորոշումը, որ Սահմանադրական բարեփոխումների և խորհրդարանական համակարգի անցնելու անհրաժեշտությունը կար: Գտնում եմ, որ դա դրական քայլ էր Հայաստանում ժողովրդավարության և ազգային անվտանգության ամրապնդման համար: Կարծում եմ, որ դեռ ժամանակը ցույց կտա դա»:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ Սահմանադրությունը փոխվել էր Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման համար, Շարմազանովը նշեց, որ ինքն այդ կարծիքին չէ. «Սահմանադրությունը փոխվել է շատ ավելի կարևոր հիմնավորումներով: Ես գտնում եմ, որ ապրիլի 17-ի դրությամբ Սերժ Սարգսյանի ընտրվելը բխում էր ՀՀ պետական շահերից, քանի որ այն ժամանակվա իրականությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր մեծամասնություն և ըստ խորհրդարանական համակարգի մենք պետք է որոշեինք, թե ում ենք վստահում վարչապետի պաշտոնը: Իսկ մենք մեր թիմում ավելի պատրաստված, ավելի իմաստուն, մարտահրավերներին դիմակայելու, ավելի լավ ազգային անվտանգությունը գիտակցելու և Արցախի շահը պաշտպանելու ունակությամբ գործիչ չունեինք: Ուստի, հարգելով երկրորդ նախագահի կարծիքը, չենք կիսում նրա դիրքորոշումը: Բայց սա չի նշանակում, որ շատ այլ լայն հարցերի վերաբերյալ մենք չենք կարող համագործակցել»:

Նույն շարքից