Քաղաքականություն 

Հայաստանի իշխանություների քայլերը չեն բխում Հայաստանի և Արցախի անվտանգությունից, դրանք վնասում են ՀՀ միջազգային հեղինակությունը. Շարմազանով

analitik.am

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքերով, ինքը երբեք պաշտոնից կառչած չի եղել: Այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Շարմազանովը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու ժամանակ պատրաստ է եղել հրաժարվել մանդատից, եթե կուսակցությունը որոշի, որ ինքը պետք է կողմ քվեարկի Փաշինյանի վարչապետությանը. «Իսկ այսօրվա երկրում տիրող կրկեսային կամ գլադիատորական իրավիճակի մասին ես մեկ անգամ չեմ իմ կարծիքը հայտնել: Կան շատ մտահոգություններ և երեք ամիսը բավարար է, որպեսզի ես ևս մեկ անգամ համոզվեմ, որ ես ճիշտ էի, նրանք՝ ոչ»:

Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցածի պատճառներին, Շարմազանովը նշեց, որ ինքն իր համար վերլուծել է դրանք, սակայն հիմա այդ մասին խոսելու ժամանակը չէ, հիմա պետք է խոսել այն մասին, թե ինչ է կատարվում այսօր և նայել դեպի ապագան. «Փաստն այն է, որ այսօրվա կառավարությունը չի իրականացնում քայլեր, որոնք բխում են Հայաստանի և Արցախի անվտանգությունից ու վնասում է Հայաստանի միջազգային հեղինակությանը: Որքան էլ նրանք խոսեն ներդրումների ավելացման, թռիչքային զարգացման, Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման մասին, ես փաստերով եմ խոսում: 25 տարվա մեջ առաջին անգամ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները մեկ բան ասում են, մեկ այլ բան անում, ինչը շատ կոպիտ հարված էր: Եվրամիության հետ հարաբերություններում մենք տեսանք, որ անհամաձայնություն կա, ինչի վառ ապացույցը Սվիտալսկու հայտարարությունն էր և մեր վարչապետի գնահատականները՝ բա ուր են փողերը: Իսկ նրանք ասացին, որ հեղափոխությունն իրենց համար չի արվել: Իսկ երրորդը՝ ԱՄՆ դեսպանի այն պնդումն է, որ այսօր մեծ ներդրումներ սպասել պետք չէ: Ես այսօր ոչ միայն թռիչքային զարգացում չեմ տեսնում, այլ տեսնում եմ ռեպրեսիա խոսքի ազատության, արդարադատության, բազմակարծության նկատմամբ»:

Նույն շարքից