Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, Հայաստանում իշխանափոխություն լինելու էր նույնիսկ այն դեպքում, եթե Ազգային ժողովն ապրիլին վարչապետի պաշտոնում չընտրեր Սերժ Սարգսյանին:
Այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Բաղդասարյանը, պատասխանելով այն դիտարկումներին, թե Հանրապետականը կարող էր ինչ-որ բան պահեր և չկորցներ ամեն ինչ, եթե պաշտոնաթող նախագահին չընտրեր վարչապետ, հայտարարեց, որ իշխանափոխության գործընթացը երկար է պատրաստվել և ցանկացած դեպքում տեղի էր ունեննալու. «Իշխանափոխության այս գործընթացը պետք է լիներ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ընտրությանը, ապա ես հիմա էլ որևէ կասկած չունեմ, որ ճիշտ թեկնածուի էինք ընտրել, դա բխել է մեր պետական շահից»:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահի այն հայտարարությանը, որ ինքը կարող է կոնսոլիդացման լայն առանցք լինել, Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն որևէ անգամ համագործակցությունից չի խուսափել. «Համագործակցությունը պետք է տարբեր կոնտեքստներով նայել»,-ասաց ՀՀԿ-ականը՝ հավելելով, որ համագործակցությունը չի ենթադրում պարտադիր կոալիցիա կազմել: