ՀՀ Ազգային ժողովն օգոստոսի 29-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար պատգամավորները քննարկել են «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը տեղեկացրել է, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովում հարցը քննարկվել և ստացել է դրական եզրակացություն: Նա նշել է, որ նախագծում խմբագրական որոշ շտկումներ են կատարվել:
ՀՀ ԱԺ պատգամավորները՝ նախագծի վերաբերյալ
Արամ Սարգսյանը նշել է, որ ՀՀ ջրային ռեսուրսների կառավարումը ռազմավարական նշանակության խնդիր է և պետք է ընդգրկվի ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններում:
Հայկ Բաբուխանյանը կարծիք է հայտնել, որ չեն տրվել մի շարք հարցերի պատասխաններ, օրինակ՝ որքա՞ն գումար է նախատեսվում ստանալ լրացուցիչ ջրառի էլեկտրաէներգիայի վաճառքից, որքա՞ն վնաս է կրել գյուղացիությունը, բաց թողնված ջրից որքա՞ն է լինելու օգուտը և այլն:
Արաիկ Հովհաննիսյանը նշել է, որ ելնելով հարցի հրատապությունից՝ իրենց խմբակցությունն այս պահին ձեռնպահ է մնացել առաջարկներ ներկայացնելուց: Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանական լսումներում առաջիկայում կքննարկվեն Սևանա լճի համալիր խնդիրները, որի արդյունքում կձևավորվեն նոր առաջարկներ:
Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծն ընդունվել է:
Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: