Հասարակություն 

Իրավունք չկա աշակերտին պարտադրել սև-սպիտակ հագուստ կրել. ԿԳ նախարար

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 29-ին, Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով աշակերտների համազգեստի հարցին, հայտարարեց, որ միասնական հագուստի հարցը լուծում է տվյալ դպրոցը և դասարանի ծնողական խորհուրդները. «Ինչպես միասնական հագուստի կարգը որոշելու պարտադրանք չկա, այնպես էլ չպետք է լինի սև ու սպիտակ կրելու պարտադրանք: Որևէ ծնող, ով չի ցանկանա, որ երեխան կրի միանման հագուստ, պետք է ունենա այդ հնարավորությունը: Դա վերաբերում է նաև աշակերտներին»:

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, որ դա կարող է ազդել ընդհանուր կարգապահության վրա, նախարարն ասաց, որ ինքը դպրոցում սովորել է խորհրդային միության տարիներին, երբ կար միասնական հագուստ. «Այն ժամանակ կարգապահը կարգապահ էր, իսկ անկարգապահը՝ անկարգապահ: Հագուստով չէ, որ մենք պետք է կարգապահություն ապահովենք դպրոցներում»:

Նախարարը խոսեց այն հայտարարությունների մասին, որ միասնական հագուստի բացակայության պայմաններում սոցիալական շերտավորումն ավելի շատ կերևա՝ նշելով, որ եղել է դպրոցներում, որտեղ չկա միասնական հագուստ կրելու որոշում, սակայն չի տեսել աշակերտների կողմից շռայլություն, նրանք եղել են հարմար ու նորմալ հագնված, եղել է շռայլոթյան զրո դրսևորում:

Նույն շարքից