Քաղաքականություն 

Մեր թեկնածուն 2013 թվականին Հայաստանը փրկեց արյունահեղությունից. «Ժառանգություն»

analitik.am

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ժառանգություն» կուսակցությունն իրեն մրցակից է համարում բոլոր ուժերին, սակայն կան ուժեր, որոնք բարեկամական մրցակիցներ են: Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց  կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը՝ որպես օրինակ նշելով ՔՊ թեկնածու Հայկ Մարությանին:

Մարտիրոսյանի խոսքերով, այն ուժերը, որոնք ընդդիմության շարքերում պայքարել են այս օրվա համար, բարեկամ մրցակիցներ են:

Ինչ վերաբերում է իրենց շանսերին, Մարտիրոսյանը նշեց, որ քաղաքացիները պետք է որոշումը կայացնեն. «Ես միայն կարող եմ ասել, որ մենք քաղաքացիների դատին ենք ներկայացնելու ոչ միայն ամենօրյա խնդիրները լուծելու, այլ նաև զարգացման ծրագիր»:

Մարտիրոսյանի խոսքերով, սակայն կարևոր չէ միայն ծրագիր ներկայացնելը, կարևոր է գնահատել քաղաքական ուժերի, անհատների անցած ճանապարհը, քանի որ լավ ծրագրեր ներկայացնում են գրեթե բոլորը, իսկ «Ժառանգությունը» կարող է բաց ճակատով նայել բոլորին:

Մարտիրոսյանը խոսեց նաև իրենց թեկնածուի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին՝ հայտարարելով, որ նա հաղթել է 2013 թվականի նախագահական ընտրություններում. «Հովհաննիսյանը 88 թվականին վերադարձել է հայրենիք և հայրենադարձության հրաշալի օրինակ կարող է լինել»:

«Ժառանգության» ներկայացուցիչը, վերադառնալով 2013 թվականի դեպքերին, հայտարարեց, որ Հովհաննիսյանն այդ ժամանակ Հայաստանը փրկել է արյունահեղությունից, դա տեղի է ունեցել բացառապես Հովհաննիսյանի խոհեմության շնորհիվ:

«Ժառանգության» ցուցակում ընդգրկված է 49 անուն, առաջին համարը Րաֆֆի Հովհաննիսյանն է, երկրորդ համարը՝ Արմեն Մարտիրոսյանը, երրորդ համարը՝ Հովսեփ Խուրշուդյանը:

Նույն շարքից